14:02 | 02.07.19 | Նորություններ | 7312
Հայաստանում Beeline-ի եւ Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ «Թվային հնարավորություններ աշակերտների համար» ծրագրի շրջանակում մեկնարկել է դասընթացների երրորդ փուլը։
Ծրագրի նպատակն է Հայաստանի դպրոցներում ամենօրյա կրթական գործընթացը դարձնել առավել ինտերակտիվ, հետաքրքիր եւ արդյունավետ՝ աշակերտներին թվային հմտություններ տրամադրելու շնորհիվ:
Ծրագիրը թիրախավորում է ՀՀ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի եւ Կոտայքի մարզերի 10 դպրոցների 13-16 տարեկան 120 աշակերտների:
Դասընթացների առաջին փուլը յուրաքանչյուր մարզում մեկնարկել է մայիսից։ Այսօր վեց ժամ տեւողությամբ «Ի՞նչ պատմել, ինչպե՞ս պատմել ու ու՞մ պատմել» վերնագրով դասընթացն է, որի ընթացքում երեխաները ծանոթանում են ասելիք ձեւավորելու եւ բովանդակություն ստեղծելու հմտություններին, ինչպես նաեւ մուլտիմեդիա եւ վիզուալիզացիա գաղափարներին։
«Շատ ուրախ եմ այսօր տեսնել այս երիտասարդներին, ովքեր փորձառու մենթորների օգնությամբ բացահայտում են ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորություններն ու առավելությունները: Վստահ եմ, որ այս ծրագրի ընթացքում ստացած գիտելիքները նրանց համար շատ օգտակար կլինեն հետագա ուսման, աշխատանքի մեջ եւ ինչու ոչ՝ առօրյա կյանքում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Առաջին փուլում մասնակիցները ծանոթացել են տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորումներին, երկրորդ փուլում՝ թե ինչպես համացանցում կազմակերպել ինտերակտիվ համագործակցություն եւ ինչպես կիրառել Web 2.0 տեխնոլոգիաներով ստեղծված գործիքները կրթական արդյունավետ ռեսուրսներ ստեղծելու համար։ Իսկ այսօր, առավել մանրամասն կսկսենք ծանոթանալ այն հետաքրքիր գործիքներին, որոնք հետագայում կարող են կիրառել դասապրոցեսի ընթացքում։ Նման ծրագրերը կարեւորագույն դեր ունեն երեխաների անհատական զարգացման գործում, որն էլ հետագայում հնարավորություն կտա ունենալու ակտիվ, կիրթ ու տեղեկացված քաղաքացի»,- հավելել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:
Ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել նաեւ ուսումնաօժանդակ ձեռնարկ-գործիքակազմ, որը հնարավորություն կընձեռի ծրագրի ընթացքում ուսուցանված գործիքներն ամբողջացնել՝ ներկայացնելով դրանց օգտագործման հնարավորություններն ամենօրյա կրթական գործընթացում եւ այն հասանելի դարձնել բոլոր դպրոցներում: