15:02 | 28.06.19 | Նորություններ | 9018
Beeline-ը եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) հայտարարել են համագործակցության մասին, որի շրջանակում Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է Տվյալագիտության ամառային դպրոց (Data Science Summer School):
Այն մասնակիցներին հնարավորություն կտա սովորելու տվյալագիտության հիմունքներն ու մեթոդները՝ մտածողությունը զարգացնող մի շարք դասընթացների միջոցով: Ամառային դպրոցում դասավանդելու են հայաստանյան եւ միջազգային առաջատար մասնագետներ:
ՀԱՀ բնագիտության եւ ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արամ Հաջյանն ընդգծեց ոլորտի զարգացման կարեւորությունը. «Այս ամառային դպրոցը հրաշալի հնարավորություն է, որը նպատակ ունի համախմբելու տեղի եւ միջազգային մասնագետներին, ցույց տալու համար, որ Հայաստանը չմշակված ադամանդ է տվյալագիտության ոլորտում»:
«Մեր ընկերությունը հնարավորինս աջակցում է Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանը, եւ մեր կարծիքով, դա անելու ամենահեռանկարային տարբերակը երիտասարդությանը կրթելն է: Համոզված եմ, որ այս ամառային դպրոցի մասնակիցները կկարողանան հետագայում ոչ միայն արժանավայել աշխատանք գտնել, այլեւ իրենց երկիրը առաջ կմղեն տեխնոլոգիաների ոլորտում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նախագծի մեկ այլ գործընկեր Webb Fontaine գործառնությունների ղեկավար Սերոբ Սերոբը ներկայացրեց տվյալագիտության հնարավորություններն ու հեռանկարները, ինչպես նաեւ կիրառման ոլորտները:
Դասընթացներն անցկացվելու են հուլիսի 1-ից 14-ը: Ուսանողները ստանալու են տվյալագիտության ոլորտում կիրառվող հմտություններ, ուսումնասիրելու են Python ծրագրավորման լեզուն, մեքենայական ուսուցման հիմունքները, համակարգչի կողմից մարդու խոսքն ընկալելու մեխանիզմները եւ ստանալու են տվյալագիտության արդիական այլ գիտելիքներ: Ծրագիրը նախատեսված է ՏՏ ոլորտի աշխատակիցների եւ ուսանողների համար: