16:20 | 25.06.19 | Նորություններ | 8809
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցության շնորհիվ, Տավուշի մարզի Պառավաքար գյուղում բնակվող Բուլղադարյանների ընտանիքն ակտիվ շինարարություն է սկսել:
«Գործն առաջ է գնում կամավորների օգնությամբ, միայն թե այս անգամ շինարարությանը կամավորագրվել են տանտիրոջ՝ Աշոտի հարեւանները: Բոլորը տեղյակ են. նույն ժամանակահատվածում ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորներն աշխատում են մեկ ուրիշ մարզում: Կողմերը կարեւոր են համարում դրական տրամադրվածությունն ու խնդիրը լուծելու պատրաստակամությունը: Կարեւորը արժեհամակարգ դարձած մոտեցումն է. ֆիզիկապես ու հոգեպես մարդուն օգնելու ձգտումը: Շահառու ընտանիքն ու աջակցող կազմակերպությունները միմյանց ուղերձ են հղել տեսախցիկների միջոցով»,- նշել են ՎիվաՍել-ՄՏՍ-ում:
«Այս օրերին, տարբեր մարզերում շինարարական աշխատանքներ են իրականացվում: Ժամանակ առ ժամանակ, երբ աշխատանքային ժամանակացույցս թույլ է տալիս գտնել փոքրիկ պատուհան, մասնակցում եմ շինարարությանը: Իհարկե, դժվար է լինել բոլոր վայրերում, բայց ձգտում եմ հնարավորինս ներկա լինել եւ գործընկերներիս հետ աշխատել: Նյութական աջակցությունից բացի, շատ կարեւոր է հեռավոր մարզերում ապրող մեր հայրենակիցներին նաեւ հոգեբանորեն աջակցելը: Կամավորության սկզբունքով կատարվող աշխատանքներն այդ նպատակն են հետապնդում: Իսկ երբ ֆիզիկապես ներկա չեմ լինում՝ հետեւում եմ եւ տեղեկացվում: Առիթից օգտվելով՝ դիմում եմ բնակարանաշինության ծրագրից օգտվողներին եւ հորդորում չհուսահատվել, քանի որ ամեն ինչ լավ է լինելու: Իսկ կամավորներին շնորհակալություն եմ հայտնում սրտացավ ու հոգատար վերաբերմունքի համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Այս տարի ծրագրում զգալի տեղ են զբաղեցնում Պառավաքարի բնակիչները: Շատ կարեւոր է սահմանապահ գյուղերին աջակցելը: Այստեղ ապրողները կենդանի վահան են դարձել հակառակորդի անկանխատեսելի վարքագծի դեմ: Նրանք, սակայն, այնքան ամուր են ու հաստատակամ, որ շարունակում են ապրել հայրենի գյուղում, ձգտում շենացնել այն եւ իրենց կամքով վստահություն են փոխանցում սահմանին կանգնած մեր զինվորներին: Պառավաքարն այդ գյուղերից մեկն է: Գործընկեր կառույցի հետ, ձգտում ենք հնարավորինս ուշադրության կենտրոնում պահել սահմանապահ գյուղերին»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Առաջիկայում շինարարական աշխատանքներ կսկսվեն գյուղի նաեւ այլ տներում: