12:20 | 19.06.19 | Նորություններ | 2309

Նոր բոտը թույլ կտա ստուգել էլ. փոստի գաղտաբառի հուսալիությունը

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Բատիրժան Տյուտեեւը գործարկել է Telegram-բոտը, որի միջոցով կարելի է ստուգել, թե արդյոք տվյալ էլ. փոստի գաղտնաբառը տեղեկատվական արտահոսքի պատճառով երբեւէ հայտնվել է արտահոսքի ենթարկված տվյալների բազաներում:

VC.ru-ի հետ զրույցում նա տեղեկացրել է, որ ծառայությունից 1 ժամում ավելի քան 10 հազ. մարդ է օգտվում:

MailSearchBot-ից օգտվելու համար հարկավոր է վերջինիս ուղարկել էլ. փոստի հասցե: Ի պատասխան նա կուղարկի դրա հետ կապված գաղտնաբառերը, որոնք երբեւէ հայտնվել են արտահոսքի ենթարկված շտեմարաններում: Եթե համընկնումներ չեն գտնվում, բոտը ուղարկում է Not Found արտահայտությունը:

Տյուտեեւի խոսքով, ներկայում իր բազայում 9 մլրդ էլ. փոստի հասցե եւ գաղտնաբառ կա, եւս 3 մլրդը ներբեռնման փուլում է:

MailSearchBot հիմնադիրը չի բացահայտել, թե ինչպես է հավաքում տեղեկատվությունը: Նա ընդգծել է, որ ճիշտ որոնման արդյունքում իր տրամադրած բոլոր տվյալները հնարավոր է գտնել համացանցում: Մասնագետը խոստացել է փակել ծառայությունը, եթե զգա, որ այն օգտագործվում է վատ նպատակներով: