11:07 | 19.06.19 | Նորություններ | 4912
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՍԾՏՀ (Սեւծովյան տնտեսական համագործակցություն) նախագծերի խրախուսման կառույցի հետ համատեղ մեկնարկում է նոր ծրագիր, որի նպատակն է մշակել մեծ տվյալների (Data-driven) հենքով տեխնոլոգիական լուծումներ այնպիսի ոլորտների ձեռնարկությունների համար, ինչպիսիք են՝ հեռահաղորդակցությունը, ֆինանսաբանկային համակարգը, տրանսպորտը, մանրածախ վաճառքը, տրանսպորտը, էլեկտրոնային առեւտուրը եւ այլն։
Հայաստանում, ինչպես նաեւ տարածաշրջանում, ոլորտը զարգացնելու համար՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը նախաձեռնում է մեծամասշտաբ ծրագիր, որը կներառի ինչպես հմտությունների զարգացման բաղադրիչ, այնպես էլ պրոդուկտի/ծառայության նախատիպերի մշակում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է անվճար իրականացնել տվյալագիտության վերապատրաստման դասընթացներ սկսնակ ծրագրավորողների համար։ Այն բաղկացած կլինի սեմինարներից, որոնք կվարեն փորձառու միջազգային մասնագետներ այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են՝ Yandex-ը, Microsoft-ը եւ այլն:
Ծրագրի ընթացքում գործնականում կմշակվեն տվյալահեն լուծումների նախատիպեր։ Տեխնոլոգիական լուծումները կիրառելի կլինեն տարածաշրջանի այլ երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանի դաշնությունում, Մոլդովայում եւ Վրաստանում։ Ծրագրի շրջանակում պրոդուկտների ղեկավարները եւ բիզնեսի զարգացման գծով մասնագետները կվերլուծեն տարբեր ոլորտներում առկա բացերն ու խնդիրներն եւ կհամագործակցեն այն բիզնեսների հետ, որոնք հետաքրքրված են ծրագրի գործողություններից օգուտ ստանալ՝ կատարելով զրոյական ներդրում։
«Ներկայումս տվյալագիտությունը մեծ ազդեցություն ունի բիզնեսի բոլոր ոլորտների վրա եւ նրանց տալիս է լուրջ մրցակցային առավելություն։ Այսօր տվյալագիտության միջոցով բիզնեսը կարող է իմանալ, թե հաճախորդը ինչ տեսակի պրոդուկտ/ծառայություն է ուզում եւ երբ։ Բազմաթիվ բիզնես եւ գործառնական գործընթացներ կարելի է օպտիմիզացնել՝ ուղղակի ուսումնասիրելով տվյալները եւ հայտնաբերելով բիզնես գործընթացներում առկա թերությունները։ Իսկ դրան հասնելու համար ընկերություններին պարզապես անհրաժեշտ են ճիշտ գործիքներ եւ ճիշտ գործընկերներ»,- նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի տնօրեն Արտաշես Վարդանյանը։
Ծրագիրը պատրաստ է համագործակցել այն ընկերությունների հետ, որոնք կարեւորում են տվյալների հիման վրա որոշումների կայացումը, սակայն ընկերության ներսում չունեն հնարավորություն՝ առկա տվյալների «պոտենցիալը» ի շահ բիզնեսի օգտագործելու համար։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը ներկայումս ընդունում է համագործակցության առաջարկներ ֆինանսաբանկային, տրանսպորտի, մանրածախ առեւտրի, հեռահաղորդակցության, e-commerce եւ այլ ոլորտների ընկերություններից։ Այդ ընկերությունների կարիքները եւ խնդիրները ուսումնասիրելուց հետո տվյալների մասնագետների թիմերը կաշխատեն սահմանափակ քանակով ընկերությունների հետ նրանց կարիքներին համապատասխան տեխնոլոգիական լուծումների մշակման ուղղությամբ։ Ծրագրի կողմից ընտրված ոլորտները գրեթե նույնն են ամբողջ տարածաշրջանի համար, եւ լուծումներն ունեն մեծ պոտենցիալ՝ կիրառելի դառնալու տարածաշրջանի այլ երկրներում։
Ծրագիրը շուտով կսկսի նաեւ հավաքագրել սկսնակ ծրագրավորողների, ովքեր հետաքրքրված են տվյալագիտությամբ եւ տվյալահեն լուծումների գործնական մշակմամբ։ Ծրագիրը պատրաստ է համագործակցել համալսարանների հետ եւ ներգրավել իրենց ուսանողներին։