Արա Շամիրզայանը
15:54 | 11.06.19 | Հարցազրույցներ | exclusive 163455
Մայիսի 7-9-ը Երեւանում կայացավ Webb Fontaine ՏՏ ընկերության առաջին միջազգային համաժողովը: Դրա շրջանակում Հայաստան ժամանեցին Webb Fontaine ընկերության 35-ից ավելի ղեկավարներ եւ աշխատակիցներ՝ Ասիայից, Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից եւ Եվրոպայից:
Միջոցառման նպատակն էր նպաստել ընկերության մասնաճյուղերի միջեւ հաղորդակցության ընդլայնմանը:
Համաժողովը նշանավորվեց ցուցադրություններով, վորքշոփերով, քննարկումներով, որտեղ խոսնակները ներկայացրեցին ընկերության առաջընթացը եւ ապագա ծրագրերը, այդ թվում՝ Հայաստանում գործունեության ընդլայնման հնարավորությունները:
Webb Fontaine-ի գլխամասը գտնվում է Դուբայում: Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում, Ասիայում եւ Աֆրիկայում գտնվող դուստր կազմակերպությունների եւ մասնաճյուղերի միջոցով ապահովելով համաշխարհային ներկայություն, ընկերությունը մասնագիտանում է տեղեկատվական համակարգերի զարգացման գործում` աջակցելով առեւտրի խթանմանն ու մաքսային մոդելների զարգացմանը:
Համաժողովի շրջանակում Itel.am-ը զրուցել է Webb Fontaine-ի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Արա Շամիրզայանի հետ։
- Ի՞նչ գործունեություն է ծավալում Webb Fontaine-ի հայաստանյան գրասենյակը։
- Հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 2005թ․, սակայն այն լուրջ փոփոխությունների է ենթարկվել 2015թ․-ին։ Այսօր հայաստանյան գրասենյակը ներառված է ընկերության զարգացման ամբողջ գործընթացում՝ նախագծումից մինչեւ իրականացում եւ աջակցություն։
- Ի՞նչ որակավորում պետք է ունենա թեկնածուն՝ ձեր ընկերությունում աշխատելու համար։
- Մեզ համար շատ կարեւոր է, որ թեկնածուն լինի բարձր որակավորում ունեցող մասնագետ։ Կրթությունը եւ աշխատասիրությունը եւս կարեւոր գործոններ են։
Նաեւ շատ կարեւոր է ունենալ աշխատակիցներ, որոնք թիմային խաղացողներ են, հեշտ են ինտեգրվում թիմի ներսում։
Ընկերությունում հարցազրույցը մի քանի փուլով է ընթանում, որտեղ յուրաքանչյուր թեկնածու լուծում է ոչ միայն տեխնիկական, այլեւ վարքագիծը բացահայտող առաջադրանքներ՝ հասկանալու, թե որքանով կկարողանա ինտեգրվել ներկայիս թիմում։
- Հայաստանյան մասնաճյուղը ընդլայնվում է, նշանակում է՝ նոր մասնագետներ եք որոնում։
- Ճիշտ է, մենք մեծացնում ենք հայաստանյան թիմը։ Ներկայում ունենք երեք նոր նախագիծ, որոնցից երկուսը նախատեսում են ամբողջովին նոր պրոդուկտի ստեղծում։ Մենք պետք է ամենասկզբից երեք նոր թիմ ստեղծենք, ինչը նշանակում է, որ մեզ անհրաժեշտ է պրոդուկտի զարգացման ամբողջական փուլ։ Այդ իսկ պատճառով որոնում ենք ավագ ծրագրավորողների եւ որակի ապահովման մասնագետների, որոնց շուրջ կկարողանանք ստեղծել այդ նոր թիմերը։
- Եթե համեմատենք Հայատսանում գործող այլ ՏՏ ընկերությունների հետ, ի՞նչն է Webb Fontaine-ին յուրահատուկ դարձնում։
- Մենք ամբողջովին միջազգային ընկերություն ենք։ Մեզ հետ աշխատելու ընթացքում հայ աշխատակիցները ունեն հնարավորություն հաղորդակցվել տարբեր ազգությունների մարդկանց հետ եւ սովորել միջազգային փորձը։
Մեր աշխատակիցներին հնարավորություն ենք տալիս ճանապարհորդել տարբեր երկրներ, որտեղ իրականացնում ենք նախագծեր, աշխատել միջազգային թիմերում։
Արա Շամիրզայանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը