Վահե Կուզոյանը
Նարինե Դանեղյանը եւ Վահե Կուզոյանը
Վահե Կուզոյանը
15:33 | 30.05.19 | Հարցազրույցներ | exclusive 166816
Տնային ծառայությունների ոլորտում բիզնես կառավարման լուծումներ առաջարկող ամերիկյան ServiceTitan ընկերության հայաստանյան գրասենյակը գործում է ամբողջ թափով:
Հայ հիմնադիրներ ունեցող ServiceTitan-ը հարթակ է տրամադրում տնային ծառայություններ մատուցող բիզնեսներին, որպեսզի նրանք առանց ավելորդ ջանքերի կառավարեն եւ ավելի ռացիոնալ դարձնեն իրենց գործողությունները, բարելավեն հաճախորդների սպասարկումը եւ զարգացնեն բիզնեսը:
Itel.am-ը զրուցել է ServiceTitan-ի համահիմնադիր Վահե Կուզոյանի հետ:
- 2018-ի հոկտեմբերին՝ մեր վերջին զրույցի ընթացքում, ServiceTitan-ի հայաստանյան գրասենյակը դեռ չէր բացվել: Այսօր այն ակտիվորեն աշխատում է եւ ներգրավված է ձեր գլոբալ ընկերության աշխատանքներում: Ինչպե՞ս է այն իրեն դրսեւորում:
- Նախնական փուլում քիչ թվով ավագ ինժեներների վարձեցինք՝ ապացուցելու, որ մասնաճյուղը կարող է հաջողությամբ գործել: Թիմի գործունեությունից հիանալի արդյունք ենք տեսնում:
Տեխնիկական հմտությունների մակարդակը տպավորիչ է: Հիմա անցում ենք կատարում հաջորդ փուլին՝ ընդլայնում ենք գործունեությունը, որի շրջանակում բիզնես եւ հատկապես ինժեներական կադրերի հավաքագրման ագրեսիվ գործունեություն կծավալենք:
Նարինե Դանեղյանը եւ Վահե Կուզոյանը
Փորձում ենք Հայաստանում ոչ միայն նեղ ինժեներական թիմ պահել, այլեւ պրոդուկտի զարգացման ամբողջական գործընթացի մեկնարկը տալ: Ցանկանում ենք Հայաստանում պրոդուկտի մենեջմենթի թիմ ունենալ: Նպատակն է Հայաստանում ունենալ առանձին ինքնավար բաժինը, որը տեղական մակարդակով որոշումներ կընդունի:
Բացի այդ, ServiceTitan-ն ԱՄՆ-ում այսօր ունի ավելի քան 400 աշխատակից, որոնք հաճախորդների հետ են հաղորդակցվում: Փորձում ենք հասկանալ, թե որքանով է հնարավոր Հայաստանում ունենալ հաճախորդների հաղորդակցման որոշ գործընթացներ: Ուզում ենք նաեւ այստեղ փորձարկել հաճախորդների ռեակտիվ աջակցության մեր համակարգը:
- Երբ Երեւանում մասնաճյուղ էիք բացում, կանխատեսու՞մ էիք նման արդյունք:
- Հույսեր էինք փայփայում, բայց դա մեզ համար մեծ հարցական էր, որովհետեւ չէինք պատկերացնում, թե ինչ տիպի հաջողություն կարող է լինել:
Այս ժամանակահատվածում հարցազրույցի ենք կանչել շուրջ 150 մասնագետի, որոնցից 6-7-ին աշխատանքի ենք վերցրել. սա հարցազրույցների եւ աշխատանքի վերցնելու նույն չափաքանակն է, ինչ ԱՄՆ-ում: Քանի որ մտածում էինք հաջորդ փուլի մասին, հասկացանք, որ պետք է սկսենք զարգացնել աշխատակիցների տաղանդը եւ դա ավելի շատ ներդրումներ կպահանջի:
- Մարտահրավե՞ր է Հայաստանում տեխնիկական մասնագետներ գտնելը:
- Չեմ կարող ասել, որ հեշտ է: Բայց մենք որոշեցինք, որ այստեղ առկա են տաղանդներ: Ակնկալում ենք, որ մի փոքր բարդ կլինի պրոդուկտի մենեջմենթի մասնագետների ընտրության հարցում:
Ինչ վերաբերում է մեր ցանկությանը՝ ունենալ ավելի մեծ ազդեցություն տեղական շուկայում, կարծում եմ՝ դրան կկարողանանք հասնել, եթե Հայաստանում ապահովենք ամբողջ արժեշղթայի իրականացումը, այլ ոչ թե միայն ինժեներական մասը:
- Ձեր ընկերությունն աշխարհում ամենաթանկ հայկական ստարտափն է: Ի՞նչ կարծիք ունեք հայաստանյան ՏՏ էկոհամակարգի զարգացման մասին:
- Իրականում ես շատ շփում չունեն տեղական էկոհամակարգի հետ, եւ, հետեւաբար ինձ համար դժվար է մեկնաբանել: Մի շարք փոքր ներդրումներ եմ կատարել տեղական ընկերություններում եւ փորձում եմ տրամադրել մենթորություն, երբ կարողանում եմ:
Գլխավոր մարտահրավերը շուկաներին հասանելիությունն է, եւ այն փաստը, որ տեխնոլոգիա մշակելու համար պետք է իսկապես լուրջ փորձ ունենաս:
Որպես հայ, որն ապրում է ԱՄՆ-ում, ես իսկապես հավատում եմ, որ տեխնոլոգիական ոլորտը լինելու է Հայաստանի ապագայում կարեւոր մասը:
- Ինչպե՞ս հայաստանյան ՏՏ ոլորտի ընկերությունները արձագանքեցին Ձեր ընկերության մուտքին Հայաստան:
- Անհանգստություններ կային, որ մենք կգանք Հայաստան, այստեղ մեծ քանակությամբ գումար կներդնենք, կվնասենք մյուս ընկերություններին եւ նրանց մասնագետներին կտանենք:
Վահե Կուզոյանը
Մենք Հայաստանում ենք՝ դառնալու էկոհամակարգի լավ գործընկեր: Ցանկանում ենք ավելի շատ մարդկանց ներգրավել ոլորտում, բարելավել էկոհամակարգի որակը եւ դա անել մտածված:
Մեզ մոտ աշխատակիցները ստանում են ընկերությունում իրենց ազնիվ վաստակած մասնաբաժինը, եւ ես խնդիր չեմ տեսնում, երբ աշխատավարձերն աճում են: Սակայն մենք չենք ցանկանում, որ մարդիկ մեր ընկերություն գան ուղղակի նրա համար, որ մենք շատ ավելին ենք վճարում, քան շուկայի մյուս ընկերությունները: Ցանկանում ենք, որ նրանք գան՝ իրենց կարիերայի համար աճի հնարավորություն տեսնելով:
ServiceTitan-ը ձեւավորվել է այնպիսի միջավայրում, որտեղ մեր աշխատակիցների համար ստիպված ենք մրցել Google-ի եւ Facebook-ի նման հսկաների հետ:
- 2018թ. մի շարք ամերիկյան ընկերություններ Հայաստանում մասնաճյուղեր բացեցին: Որպես այդ ընկերություններից մեկի համահիմնադիր, ո՞րը կլինի ձեր խորհուրդն այն ընկերություններին, որոնք դեռ տատանվում են Հայաստանում մասնաճյուղ բացելու հարցում:
- Ակնհայտ է, որ առկա է բավական մեծ ներուժ: Բայց սա մի բան է, որը պահանջում է ներդրում ոչ միայն ֆինանսական առումով, այլեւ էներգիայի եւ ժամանակի:
Իմ խորհուրդը կլինի հետեւյալը՝ իմացեք թե ուր եք տանում ինքներդ ձեզ: Իմ փորձի վրա հիմնվելով՝ ես կխրախուսեի այդ ընկերություններին անել այդ քայլը:
- Ծրագրո՞ւմ եք համագործակցել տեղի համալսարանների հետ:
- Հայաստանում մեր գործունեության սկզբում աշխատանքի ընդունեցինք ավագ ինժեներների, հաջորդ փուլում՝ միջին ինժեներների, որոնց պատրաստում ենք ավագ մասնագետ դառնալու համար:
Հետագայում արդեն աշխատանքի կընդունենք ավելի վաղ շրջանի մասնագետների:
Համագործակցության նպատակով բանակցում ենք Հայաստանի ամերիկյան համալսարանի եւ մի շարք այլ համալսարանների հետ:
- Որո՞նք են ServiceTitan-ի առաջիկա ծրագրերը:
- ServiceTitan-ն այժմ գտնվում է այն փուլում, երբ փորձում ենք դառնալ դոմինանտ ամերիկյան շուկայում:
Այս պահին չենք մտածում միջազգային շուկա մուտք գործելու մասին: Ամերիկյան շուկան այնքան ընդարձակ է, եւ մենք դեռ դրա այնքան փոքր մասնիկն ենք, որ հաջորդ տարի հաստատ նման ծրագրեր չունենք: Գուցե երկու տարի հետո մտածենք միջազգային շուկա մուտք գործելու մասին:
Մեզ համար իսկապես կարեւոր է զարգանալ մեր հիմնական շուկայում: Այսօր ունենք շուրջ 700 աշխատակից, ընկերությունը գնահատվում է $1,65 մլրդ: Մեր հիմնական նպատակն է ամեն տարի կրկնապատկել մեր ցուցանիշները, ինչը գնալով ավելի բարդ է դառնում:
Այս տարի նաեւ երեք նոր պրոդուկտի կգործարկենք:
Վահե Կուզոյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի