14:14 | 05.06.19 | Նորություններ | 8168

«Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ կայացել է «Արվեստ եւ տեխնոլոգիա» միջոցառումների շարքը

Մայիսի 31-ին պաշտոնապես մեկնարկել է Արմենիա Արթ Ֆեյր (Armenia Art Fair) մշակութային միջոցառումը, որը ներկայացրել է համադրողների եւ ցուցասրահներ Կովկասից, Եվրոպայից, Մերձավոր Արեւելքից եւ ԱՄՆ-ից:

Երկրորդ Արթ Ֆեյր ծրագիրն ուշադրությունը կենտրոնացրել էր երիտասարդ արվեստագետներին աջակցելու, արվեստի շուկա ձեւավորելու եւ Հայաստանում արվեստի կրթությունը զարգացնելու շուրջ: Այն ներկայացրել է հայաստանյան եւ արտասահմանյան ժամանակակից հայ արվեստագետների, ինչպես նաեւ արվեստագետների հետխորհրդային տարածաշրջանից, Մերձավոր Արեւելքից ու Արեւելյան Եվրոպայից:

Միջոցառման «Արվեստ եւ տեխնոլոգիա» խորագիրը կրող միջոցառումների շարքը, հովանավորում էր «Ռոստելեկոմ» ընկերությունը:

«Տեխնոլոգիական լուծումները արվեստում անխուսափելի են, ինչպես ստեղծագործ միտքը՝ տեխնոլոգիաներում։ Արվեստն ու տեխնոլոգիաները մեր կյանքի անբաժան մասն են կազմում, եւ հետաքրքիր է ուսումնասիրել տարբեր երկրներում այս երկու՝ մարդկության համար շատ կարեւոր ոլորտների փոխգործակցությունն ու փորձը Արմենիա Արթ Ֆեյրի նման բարձրակարգ միջոցառումների ընթացքում»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Արվեստ եւ տեխնոլոգիա» խորագրի ներքո միջոցառումները կազմվել էին արվեստի եւ մշակույթի ոլորտներում նոր տեխնոլոգիաների ազդեցության ներկայացման շուրջ, ինչը հատկանշական է՝ հզոր գիտատեխնոլոգիական, ճարտարագիտական եւ մաթեմատիկական (STEM) ներուժ ունեցող Հայաստանի համար:

Ծրագրի շրջանակներում մայիսի 26-ից հունիսի 2-ը կազմակերպվել էին հետեւյալ միջոցառումները՝

- Մայիսի 27-30 անցկացվեց վորքշոփ ԹՈՒՄՈ կենտրոնում լեհ արվեստագետ Պրժեմիսլավ Յասելսկու հետ։ Արդյունքում երեխաների հետ ստացված ինստալյացիան ներկայացվեց Երեւան էքսպոյի ընթացքում մայիսի 31- հունիսի 3 անցկացված ցուցադրության ընթացքում։

- Հունիսի 2-ին ներկայացվեց ձայնային պերֆորմանս «Անտառում թռչուն կա» խորագրով, որը ներկայացվեց կենդանի եւ էլեկտրոնային երաժշտության համադրությամբ։

- Հունիսի 2-ին Հայաստանի ազգային պատկերասրահում անցկացվեց արվեստի զրույց-դասախոսություն, որը ներառում էր Domestic Data Streamers ստուդիայի համահիմնադիր Պո Գարսիայի (Իսպանիա) զրույցը՝ ներկայացնելով մի շարք ուսումնասիրված օրինակներ, թե ինչպես արվեստի եւ տվյալների ֆիզիկական ներկայացումը կարող է օգնել մարդկանց հասնելու յուրաքանչյուր թվի հետեւում ընկած իմաստին:

- Մայիսի 26-ին Ձայնալաբ արվեստի, գիտության եւ տեխնոլոգիաների փորձարարական հարթակի կողմից ներկայացվեց տեխնոլոգիական լուծումներով ձայնային կատարումը։

Արմենիա Արթ Ֆեյրի հիմնական նպատակն է բարձրացնել արվեստի մասին իրազեկվածության մակարդակը, խրախուսել արվեստի ներդրումները Հայաստանում եւ տարածաշրջանում, կիսել արվեստի ոլորտում լավագույն փորձը եւ նպաստել մշակութային բազմազանությանը` միաժամանակ աջակցելով արվեստի կրթությանը:

Հովանավորների թվում էին նաեւ ՀՀ Մշակույթի նախարարությունը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Ամերիաբանկը, գործընկերներն էին՝ Երեւանում Գյոթե կենտրոնը, Արթպրայսը, Արթթերիթորին, այլ կառույցներ ու կազմակերպություններ: