12:57 | 05.06.19 | Նորություններ | 2625

BANA-ի բիզնես հրեշտակները ներդրում են կատարել 4u.am ստարտափում

Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի ներդրողները ներդրում են կատարել 4u.am ստարտափում, որը ներկայացնում է հայկական արտադրության ապրանքներ եւ ծառայություններ կանանց համար։

Beeline Startup ինկուբատորի 3-րդ շրջափուլի ռեզիդենտ ստարտափը հիմնադրվել է 2017թ., իսկ 2018-ից՝ յուրաքանչյուր ամիս ավելացնում է առաջարկվող ապրանքների եւ ծառայությունների ցանկը, պատվերների քանակն աճել է գրեթե 30%-ով:

BANA-ի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ բիզնես հրեշտակների թիմը վերջին ամիսներին ակտիվ աշխատել է ստարտափի հիմնադիրների հետ:

«Ուրախ ենք հայտնել 4u.am-ում մեր ներդրումների մասին։ Համագործակցության արդյունքում հասկացանք, որ այն կենսունակ ընկերություն է՝ ուժեղ եւ նվիրված թիմով, ուստի մեր բիզնես հրեշտակներին առաջարկեցինք դիտարկել որպես ներդրումային հնարավորություն։ Այսպիսով՝ BANA-ի հին եւ նոր հրեշտակները համատեղ ներդրում արեցին»,- ընդգծել է Գրիգոր Հովհաննիսյանը:

Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի անդամները հայ եւ այլազգի գործարարներ եւ ներդրողներ են, որոնք հետաքրքրված են ստարտափ թիմերում ներդրումներով։ Ֆինանսական կապիտալից բացի, բիզնես հրեշտակներն իրենց մեծ փորձը փոխանցում են նորաստեղծ ընկերությունների անդամներին, տրամադրում են անհրաժեշտ ռեսուրսներ եւ օգնում հաջողության հասնել միջազգային շուկայում։

BANA-ն 2 տարվա իր գործունեության ընթացքում ներդրում է արել հինգ ստարտափում: