16:38 | 04.06.19 | Նորություններ | 9184

Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է «Օրրան» հիմնադրամի ամենամյա ընթրիքին

Կայացել է «Օրրան» բարեգործական հիմնադրամի հերթական՝ 14-րդ ամենամյա ընթրիքը:

Տարիներ շարունակ, գործընկեր կառույցների հետ, հիմնադրամը լուծել է կարեւոր խնդիր. իրականացվել է գործընթաց, որի հիմքում հասարակության խոցելի շերտերի՝ սոցիալապես անապահով ընտանիքների նկատմամբ պատասխանատու մոտեցումն է:

Ընթրիքի ժամանակ հանգանակված գումարներն ուղղվել են երեխաների շրջանում մուրացկանության կանխմանը եւ տարեցների խնամքին:

Հերթական ընթրիքից գոյացած ամբողջ հասույթը տրամադրվելու է «Օրրանի»՝ Երեւանի եւ Վանաձորի կենտրոններին: Դրանով հնարավոր կլինի հոգալ կենտրոն այցելող շուրջ 100 միայնակ տարեցների եւ կարիքավոր 300 երեխայի սննդի, կրթական, մշակութային, սոցիալական, հոգեբանական, բժշկական համալիր ծառայություններ մատուցելու հարցերը:

Բարեգործական աճուրդի մեկնարկից առաջ ելույթ ունենալով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակիցներին հորդորել է ակտիվորեն մասնակցել աճուրդին:

«Այս ընթրիքի նպատակը կարեւոր է: Անհրաժեշտ է մարդկանց հեռու պահել հուսահատության ճանապարհից: Սերունդների վաղվա օրը բոլորիս ձեռքերում է: Այն գեղեցիկ ու ապահով դարձնելու համար փորձենք կյանքին նայել մանկան աչքերով ու մաքրությամբ: Երեխաներն ամեն ինչ տեսնում են հոգով. նրանք աշխարհ են գալիս սիրված ու երջանիկ լինելու համար: Եվ երբ ստանում են այդ ամենը՝ մեծանում են մարդասեր, սովորում են գնահատել իրական արժեքն ու կարողանում են գտնել իրենց կոչումը՝ կյանքում: Մենք համախմբվել ենք այդ ամենի համար»,- ասել է Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն «Օրրան»-ին նվիրաբերել է 20 միլիոն դրամ՝ ի նպաստ երեխաների շրջանում մուրացկանության կանխման եւ տարեցների խնամքի կազմակերպման աշխատանքների:

Բարեգործական միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, բարձրաստիճան պաշտոնատար անձինք, հիմնադրամի ամենամյա գործընկերներ, գործարարներ եւ արվեստագետներ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը ներկաներին հորդորել է միանալ «Օրրանի» առաքելությանը: