14:09 | 04.06.19 | Նորություններ | exclusive 3486
«Կասպերսկի լաբորատորիա»-ի տվյալներով, 2019թ. առաջին չորս ամիսների ընթացքում հայաստանցի երեխաների 45%-ն այցելում կամ փորձում է այցելել սոցիալական ցանցեր, մեսենջերներ, չատեր ու ֆորումներ:
Ամենահաճող այցելվող հարթակների երկրորդ հորիզոնականում մուլտիմեդիա ռեսուրսներն են: Դրանք այցելում է երեխաների 42%-ը:
Այս մասին Itel.am-ին տեղեկացրել են «Կասպերսկի լաբորատորիայի» փորձագետները՝ մայիսի 23-25-ը Սանկտ Պետերբուրգում կայացած մեդիա տուրի շրջանակում:
Հետաքրքիր է, որ այլ տեսակի առցանց հարթակներով հայ երեխաները բավական քիչ են հետաքրքրված: Օրինակ, երեխաների միայն 1,5%-ն է հետաքրքրվել մեծահասակների համար նախատեսված կոնտենտով, եւ միայն 1%-ը՝ համակարգչային առցանց խաղերով: Զենքին եւ պայթուցիկներին վերաբերող կոնտենտը հետաքրքրել է երեխաների 4% -ին:
ԱՊՀ երկրներում 2018թ. մայիսից մինչև 2019թ. մայիսն ընկած ժամանակահատվածում ռուսերենով ամենաշատ որոնված սոցիալական ցանցերն են ВКонтакте-ն, Instagram-ը եւ Skype-ը, իսկ անգլերենով՝ Facebook-ը, Twitter-ը եւ Pinterest-ը:
Մուլտիմեդիայի կոնտենտի առաջատար երեխաների համար շարունակում է մնալ YouTube-ը՝ ինչպես ռուսերեն, այնպես էլ անգլերեն որոնումների արդյունքով: Հետաքրքրություն են վայելում նաեւ Spotify-ն ու Netflix-ը:
Ֆիլմերից ու հեռուստասերիալներից ամենաշատ որոնվողներն են «Գահերի խաղը», «Վրիժառուները. անվերջության պատերազմ», «Ռիվերդեյլ», մուլտֆիլմերից՝ «Սմեշարիկներ» «Գրավիտի Ֆոլս», «Ինչպես վարժեցնել վիշապին 3»։ Երաժշտական որոնումների դեպքում անգլերենով առաջատարն է երգչուհի Billie Eilish-ը։
Առևտրային հարթակներից առաջատար են AliExpress-ը, Ozon-ը, Avito-ն, անգլերեն որոնումների դեպքում՝ Amazon-ն ու eBay-ը: Երեխաների շրջանում ամենատարածված խաղերն են Minecraft-ը, Tanks Online-ը, Roblox-ն ու Fortnite-ը:
«Կասպերսկի լաբորատորիա»-ի մշակած Kaspersky Safe Kids լուծումն օգնում է երեխաներին պաշտպանել առցանց վտանգներից: Այն ճանաչում ու արգելափակում է մեծ թվով կիբեռսպառնալիքներ՝ ոչ պատշաճ բովանդակության ֆիլտրումից մինչեւ վտանգավոր առցանց շփումների կանխարգելում։
Բացի այդ, լուծումը թույլ է տալիս ծնողներին մշտապես հետեւել երեխայի հրապարակումներին, սոցիալական ցանցերում նրա ընկերների ցանկի փոփոխություններին, ինչպես նաեւ իրական ժամանակում իմանալ երեխայի գտնվելու վայրը:
Նարինե Դանեղյան