11:21 | 21.05.19 | Նորություններ | 3325

Տեխնովացիա Հայաստան 2019-ին 500 աշակերտուհի է մասնակցել

Մայիսի 20–ին՝ Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում կայացել է արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվող Տեխնովացիա Հայաստան մրցույթ:

Այն Հայաստանում իրականացնում են Կրթության ազգային ինստիտուտն ու Կանայք եւ տեղեկատվական հասարակություն հկ-ն՝ գործընկեր եւ աջակից կազմակերպությունների հետ միասին:

Այս տարի ավելի քան 500 10-18 տարեկան աշակերտուհիներ եւ մենթորներ/ուսուցչուհիներ Հայաստանի բոլոր մարզերից մասնակցել են ծրագրին, որի շրջանակում 51 հավելված է ստեղծվել:

Եռօրյա մրցույթին մասնակցել է 49 թիմ 9 մարզից; Ժյուրիի 14 անդամներ տեխնոլոգիական, բիզնես ընկերություններից եւ ուսումնական հաստատություններից գնահատել են թիմերի աշխատանքները:

Ժյուրին դեմ-առ-դեմ եւ առցանց գնահատման արդյունքում հունիսի 2–ին կորոշի Հայաստանյան փուլի 6 հաղթող թիմերին՝ չորս ավագ եւ երկու կրտսեր խմբերից, որոնք կանցնեն երկրորդ փուլ եւ իրավունք կստանան մասնակցելու մրցույթի միջազգային առցանց փուլին: Միջազգային փուլը հաղթելու դեպքում հաղթող թիմը կմեկնի Սիլիկոնյան հովիտ՝ մասնակցելու միջազգային մրցանակաբաշխությանը:

«Սերվիս տիտան» ամերիկյան խոշոր ընկերության համահիմնադիր Վահե Կուզոյանը տեսաուղերձ է հղել մասնակիցներին, ոգեւորելով աղջիկներին ստանալու ժամանակի պահանջներին համահունչ հմտություններ:

Մրցույթին աջակցում են եւ Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Սինոփսիս Արմենիա ընկերությունը, Յունիքոմփ ընկերությունը, Սերվիս տիտան ընկերությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Ֆիզմաթ դպրոցը, Արարատ բանկը, Վոլտերման ընկերությունը, Օնեքս ընկերությունը:

Տեխնովացիա Հայաստան 2019 ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում:

Տեխնովացիան աշխարհի տեխնոլոգիական ձեռներեցության խոշորագույն մրցույթն է 10-18 տարեկան աղջիկների համար: Ծրագրի նպատակն է ոգեւորել եւ հզորացնել երիտասարդ աղջիկներին՝ դառնալու նորարարներ եւ առաջնորդներ իրենց համայնքներում` լուծելով իրենց համայնքների խնդիրները, ստացած ձեռներեցության եւ տեխնոլոգիական գիտելիքների միջոցով: