15:25 | 20.05.19 | Նորություններ | 2998
Տեխնոլոգիական ոլորտի ամերիկյան խոշորագույն ընկերություններն իրար հետեւից դադարեցնում են բիզնես համագործակցությունը չինական Huawei ընկերության հետ:
ԱՄՆ առեւտրի նախարարությունը մայիսի 16-ին «սեւ ցուցակ» է գցել Huawei-ին եւ վերջինիս 70 մասնաճյուղերին: Նշվում է, որ որոշումը կխոչընդոտի Huawei-ի մի շարք պրոդուկտների վաճառքները, քանի որ չինական ընկերությունը մեծ կախում ունի ամերիկյան մատակարարներից:
Մայիսի 19-ին Google-ը հայտարարեց, որ Huawei-ի սմարթֆոնները կդադարեն ստանալ Android օպերացիոն համակարգի թարմացումներ, իսկ հետագայում արտադրվող սմարթֆոններն այլեւս չեն ունենա հասանելիություն Google-ի սերվերներին:
Չիպերի արտադրությամբ զբաղվող Intel, Qualcomm, Xilinx եւ Broadcom ընկերությունները եւս կդադարեցնեն համագործակցությունը չինական ընկերության հետ: Intel-ը Huawei-ի սերվերային չիպերի հիմնական մատակարարն է, Qualcomm-ը տրամադրում է սմարթֆոնների համար նախատեսված մոդեմներ եւ պրոցեսորներ: Huawei-ի արտադրության գործընթացում կարեւոր դեր են խաղում նաեւ Xilinx-ը եւ Broadcom-ը:
ԱՄՆ առեւտրի նախարարության որոշումը ԱՄՆ-Չինաստան առեւտրային հակամարտության արդյունքն է, որի շրջանակում երկու երկրները փոխադարձաբար բարձրացնում են ներմուծվող ապրանքների սակագները: