13:48 | 15.05.19 | Նորություններ | 6891

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Չինարիում ներդրվել է արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ

Հայաստանում էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագիրը շարունակվում է: Գործընկեր կառույցների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ջանքերով, գյուղերում ներդրվում է արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ, որն ապահովում է տնտեսական ու բնապահպանական արդյունավետություն:

Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինարի գյուղը երեք կողմից սահման ունի հակառակորդի հետ: Ուղիղ գծով՝ սահմանի հեռավորությունը երբեմն հասնում է 600 մետրի: Չնայած ունեցած դիրքին ու հակառակորդի վարքագծի անկանխատեսելիությանը՝ գյուղում պահպանում են կյանքի բնականոն ռիթմն ու զբաղվում գյուղատնտեսական աշխատանքներով: Ենթակառուցվածքների բացակայության ու տարբեր խնդիրների պատճառով, դա այդքան էլ հեշտ չի տրվում սահմանապահ գյուղի բնակիչներին: Տարբեր խնդիրերից, չինարեցիներն առաջնահերթ լուծման են համարել փողոցային լուսավորության ապահովումը՝ իրիկնամուտին այգուց տունդարձն ապահով անցնելու համար:

Դեռեւս 2018-ին մեկնարկած ծրագրի արդյունքում, Չինարի գյուղում տեղակայվել է 51 LED լուսարձակից բաղկացած փողոցային արտաքին լուսավորության համակարգ: Լուսավորվել են գյուղի՝ հարավից հյուսիս ձգվող, 1,700մ երկարությամբ հիմնական փողոցները:

Չինարիում նախկինում իրականացվել են խմելու եւ ոռոգման ջրի մի քանի ծրագրեր, իսկ մինչեւ տարեվերջ, կողմերը կիրականացնեն հերթական ծրագիրը. կընդլայնվի LED լուսավորության համակարգը՝ լուսավորելով գյուղի արդեն երկրորդական փողոցներն ու գյուղի մուտք հանդիսացող գլխավոր ճանապարհահատվածը:

Ժամանակակից էներգախնայող համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը, բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը եւ գյուղի բնակիչները:

«Դարձյալ Չինարիում ենք՝ իրականացրած հերթական ծրագիրը գնահատելու համար: Կարեւոր եմ համարում այստեղ գործադրված ջանքերը: Առհասարակ, սահմանապահ գյուղերում ներդրում կատարելով՝ լուծում ենք ոչ միայն կոնկրետ բնակավայրի, այլեւ, ինչ-որ առումով՝ մեզանից յուրաքանչյուրի խնդիրը: Այս գյուղերում բնակվողներն իրենց ամենօրյա ջանքերով ապահովում են եւ՛ իրենց, եւ՛ յուրաքանչյուրիս ընտանիքի անվտանգությունը: Մենք էլ, տարբեր նախաձեռնություներով, հղում ենք կարեւոր պատգամ. շարունակեք ապրել ու շենացնել հայրենի հողը: Մենք ձեր կողքին ենք»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

Գյուղի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-ից մինչեւ 02:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 00:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի նաեւ ամբողջ գիշեր: