12:58 | 15.05.19 | Նորություններ | 6649
Հայաստանում Beeline-ը կմիանա «Թանգարանների գիշեր» միջազգային ակցիային:
Մայիսի 18-ին Beeline-ի կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար՝ 11։00-ից մինչեւ 21։00-ն։ Ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը թանգարաններ ներգրավելով՝ ներկայացնել ժամանակակից թանգարանների ռեսուրսն ու ներուժը:
Beeline-ի Կապի թանգարանում ներկայացված են ինչպես ընկերության, այնպես էլ երկրում կապի զարգացման պատմությանը վերաբերող նյութեր։ Այստեղ այցելուները կարող են ծանոթանալ Հայաստանում հեռահաղորդակցության էվոլյուցիային, տեսնել կապի սարքեր՝ 19-րդ դարից սկսած մինչեւ ֆիքսված, բջջային եւ ինտերնետ կապի թվային ժամանակակից միջոցներ։
«Հայաստանում հեռահաղորդակցության զարգացումը շատ հետաքրքիր պատմություն ունի։ Մեր ընկերությունը կանգնած է թանգարանում ներկայացված այդ պատմության ակունքներում։ Բոլոր ցանկացողներին սիրով հրավիրում ենք այցելել մեր թանգարանն այս շաբաթ օրը, կամ գրանցվել շրջայցի, որոնք մեր ընկերության թանգարանում անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Կապի թանգարանը գործում է Երեւան, Ազատություն 24/1 հասցեում։ Թանգարանը բաց է ուրբաթ օրերին եւ գործում է անվճար։ Այցի համար կարելի է գրանցվել՝ զանգահարելով +37410290523, +37443290523 հեռախոսահամարներին, կամ գրելով org@beeline.am էլեկտրոնային հասցեին։
Առաջին անգամ «Թանգարանների գիշեր»-ը կայացել է Բեռլինում 1997թ., իսկ այսօր ակցիային մասնակցում են հազարավոր թանգարաններ՝ ամբողջ աշխարհում։ Հայաստանն առաջին անգամ միացել է «Թանգարանների գիշեր» ակցիային 2005թ.: