11:48 | 02.05.19 | Նորություններ | 1955
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մասնակցել է Հայաստանում առաջին անգամ անցկացվող ծրագրային ապահովման թեստավորմանը նվիրված Yerevan Testing Days կոնֆերանսի փակման արարողությանը։
Հակոբ Արշակյանն իր ելույթում անդրադարձել է նման միջոցառումների անցկացման կարեւորությանը։ Նա նշել է, որ աշխարհի հետ համահունչ շարժվելու համար շատ կարեւոր է համագործակցությունը միջազգային տարբեր ընկերությունների հետ, որի առանցքային կետերից մեկն այն է, թե ի՞նչ ստանդարտներով ենք մենք շարժվում եւ ինչպե՞ս ենք խոսում մյուսների հետ։
Նախարարն ընդգծել է նաեւ փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ միեւնույն խնդիրներով զբաղվող ընկերությունների հանդիպումները նույն խնդրի լուծման շուրջ, ինչը թույլ կտա առաջ գնալ եւ զարգացնել Հայաստանը՝ որպես տեխնոլոգիական երկիր։
Անդրադառնալով Հայաստանում արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղեր բացելուն՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ ցանկացած ընկերության մուտքը Հայաստան պետք է ողջունելի լինի։
«Հայաստանում պետք է լինեն տասնյակ-հարյուրավոր ընկերություններ, եւ հազարավոր ստարտափներ, ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան»,- ասել է նախարարը։
Նախարարը անդրադարձել է նաեւ տեխնոլոգիական կրթությանը, ընդգծել, որ ուսումնական հաստատություններում քիչ է զգացվում տեխնոլոգիական ընկերությունների ներկայացվածությունը, ինչի անհրաժեշտությունը կա եւ շատ կարեւոր է։
Հակոբ Արշակյանը ներկա է գտնվել նաեւ կոնֆերանսի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսին, որտեղ բարձր տեխնոլոգիաների ոլորտի տարբեր ընկերություններ ներկայացնում էին իրենց ապրանքանիշերը։ Նա շրջել է ցուցասրահի տաղավարներով, զրուցել ներկայացուցիչների հետ, որոնք մանրամասնել են իրենց գործունեության առանձնահատկություններն ու ձեռքբերումները։
«Yerevan Testing Days» եռօրյա կոնֆերանսին մասնակցում էին բարձր տեխնոլոգիաների ոլորտի մոտ 500 ներկայացուցիչներ, 30-ից ավելի արտասահմանյան հայտնի մասնագետներ ու խոսնակներ: