11:54 | 26.04.19 | Նորություններ | 1908

Նախարարն ու դեսպանը քննարկել են ՏՏ ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Նախարարը ներկայացրել է կառավարության առաջնահերթությունները բարձր տեխնոլոգիաների ոլորտում եւ առաջարկել համագործակցել ձեռներեց երիտասարդների եւ ինժեներների փոխանակման ծրագրեր իրականացնելու շուրջ: Սա, նախարարի խոսքով, կօգնի ամերիկյան ձեռներեցության փորձը տեղայնացնել Հայաստանում, ամերիկյան ընկերություններին էլ հնարավորություն կտա ծանոթանալու հայաստանյան տեխնոլոգիական ներուժին եւ Հայաստանում գործունեություն ծավալելու հեռանկարներին:

Հայ-ամերիկյան համագործակցության համատեքստում առանձնացվել է նաեւ բարձր տեխնոլոգիական ոլորտում կրթություն-գիտություն-առեւտրայնացում շղթայի յուրաքանչյուր օղակի կարեւորությունը եւ նախարարության պատրաստակամությունը համագործակցել ԱՄՆ դեսպանատան եւ ԿԳՆ հետ՝ նշված ոլորտներում զարգացման ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում անդարադարձ է կատարվել նաեւ «Ինժեներական քաղաք» ծրագրին, որը մեկ վայրում է կենտրոնացնելու 40-ից ավելի ինժեներական ընկերություններ:

Նախարարն առանձնացրել է նաեւ վենչուրային խոշոր հիմնադրամ ստեղծելու ծրագիրը, որը միջոցներ է տրամադրելու ստարտափներին՝ զարգանալու եւ համաշխարհային շուկա դուրս գալու համար:

«Ուրախ էի հանդիպել եւ ծանոթանալ կենսունակ տնտեսության ձեւավորման ձեր տեսլականին, որը թույլ կտա լավագույնս իրացնել հայ ժողովրդի տաղանդն ու ձեռնարկատիրական ձիրքը»,- նշել է դեսպան Լին Թրեյսին՝ հույս հայտնելով, որ նշված եւ մի շարք այլ ծրագրերի իրագործման ճանապարհին նախարարությունն ու ԱՄՆ դեսպանատունը հաջողությամբ կհամագործակցեն:

Նախարարը դեսպանին նաեւ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում տեղի է ունենալու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT-2019) եւ ընդգծել միջոցառմանը ամերիկյան ընկերությունների բարձր մակարդակով մասնակցության կարեւորությունը: Դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու նշված ուղղություններով։