17:08 | 22.03.19 | Նորություններ | 2607
Facebook-ը խոստովանել է, որ սեփական սերվերների վրա տեւական ժամանակ բաց տեսքով պահել է միլիոնավոր գաղտնաբառեր, որոնք հասանելի են եղել միայն ընկերության աշխատակիցներին:
Պաշտոնական հայտարարության համաձայն, այն որ գաղտնաբառերը պահվել են սովորական տեքստի ֆորմատով, ընկերությունը պարզել է հունվարին անցկացրած ստուգման արդյունքում: Խոսքը գնում է Facebook Lite-ի, Facebook-ի եւ Instagram-ի մի քանի հարյուր միլիոն գաղտնաբառի մասին:
Նշվում է, որ այն օգտատերերը, որոնց վերաբերում է տվյալ խնդիրը, ծանուցում կստանան սոցցանցից:
Facebook-ում նաեւ հավաստիացրել են, որ խնդիրն ամբողջությամբ կարգավորված է, եւ որ գաղտնաբառերը ընկերության սահմաններից դուրս որեւէ մեկին հասանելի չեն դարձել:
Այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում անվտանգությունից ելնելով իրականացնել հետեւյալ քայլերը. փոխել Facebook-ում եւ Instagram-ում ձեր օգտահաշվի գաղտնաբառը, խուսափել այլ կայքերում նույն գաղտնաբառի օգտագործումից, կիրառել բարդ գաղտնաբառեր, միացնել երկգործոն նույնականացումը (two-factor authentication):