18:01 | 13.03.19 | Նորություններ | 9951
Էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրի շրջանակում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են Հայաստանի հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը։ Ենթակառուցվածքների զարգացումն իրականացվում է մի քանի փուլով:
Վայոց Ձորի մարզի Քարագլուխ գյուղում ավարտվել են նաեւ երկրորդ փուլի աշխատանքները: Այս անգամ լուսավորվել են երկորդական փողոցները՝ լուսավորելով 1900մ երկարությամբ տարածք: Տեղակայվել է 51 LED լուսարձակ:
Գյուղում արդեն հասցրել են զգալ համակարգի արդյունավետությունը: Գործակցող կողմերի շնորհիվ, արտաքին լուսավորության ժամանակակից լուծումն այս գյուղ է մտել 2017թ․ ձմռանը: Այդ ժամանակ լուսավորվել են գյուղի հիմնական փողոցները` ներառելով 1872մ երկարությամբ տարածք: Տեղակայվել է 52 LED լուսարձակ:
Ժամանակակից համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC հիմնադրամի գլխավոր ճարտարագետ, ծրագրի պատասխանատու Մարտին Մարալչյանը, Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը եւ գյուղի բնակիչները:
«Հայաստանում տարեցտարի ավելանում են էներգախնայող համակարգից օգտվող գյուղերը: Դա կարեւոր ձեռքբերում է բոլոր կողմերի համար: Որպես ծրագիրն իրականացնողներ՝ կարող ենք արձանագրել, որ այս ուղղությամբ կատարվող ներդրումներն արդարացված են: Մենք նպաստում ենք ոչ միայն ենթակառուցվածքների զարգացմանը, այլեւ անմիջական աջակցություն ենք ապահովում համայնքային միջոցների խնայողության հարցում եւ մասամբ էլ նպաստում գյուղերի համաչափ զարգացմանը: Բնակավայրերից շատերի բնակիչներն արդեն հասցրել են քիչ թե շատ զգալ համակարգի արդյունավետությունը: Ծրագիրը երկարաժամկետ է եւ առավել ընդգծված օգուտ է ապահովելու տարիներ անց»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:
Գյուղի փողոցները կլուսավորվեն ամռանը 21:00-ից մինչեւ 02:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 01:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր:
Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղը ներառված է էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրում։ Ծրագիրը հնարավորություն է տալիս այդ գյուղերն ինտեգրել մի գործընթացում, որի հիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային եւ սոցիալական բաղադրիչներն են: