11:16 | 04.03.19 | Նորություններ | 12214
Ֆինանսների, առողջապահության, տուրիզմի, մեդիայի եւ ինտերնետ իրերի (IoT) ոլորտում ՏՏ լուծումներ առաջարկող DataArt ընկերությունը մասնաճյուղ է բացում Հայաստանում:
Այս մասին հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:
Նա տեղեկացրել է, որ Հայաստանում բացվող մասնաճյուղը կհամատեղի R&D կենտրոնի եւ վաճառքի գրասենյակի գործառույթները՝ ուղղվելով հատկապես դեպի Միջին Ասիական շուկա:
Նախարարի խոսքով, DataArt-ը Հայաստանում շեշտը կդնի Quality Assurance-ի (ծրագրային ապահովման թեստավորում եւ որակի վերահսկում) առաջխաղացման, ծրագրային ապահովման մշակման եւ օժանդակման, բիզնեսի զարգացման վրա:
«Մասնագետներ փնտրելու եւ ընտրելու գործընթացն արդեն սկսվել է, գրասենյակում կատարվում է վերանորոգում եւ աշխատատեղերի կահավորում, իսկ «բնակարանամուտը» նախատեսված է հունիսին»,- հավելել է Հակոբ Արշակյանը:
Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ մինչեւ տարեվերջ DataArt Երեւանում կաշխատի շուրջ 30 մասնագետ:
20 տարուց ավելի գործունեություն ծավալող DataArt-ն ունի մասնաճյուղեր ավելի քան 20 երկրում՝ այդ թվում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Արգենտինայում եւ այլն։
Այս տարի հունվարին Երեւան էին այցելել DataArt ընկերության տնօրենների խորհրդի անդամներ Միխայիլ Զավիլեյսկին եւ Յուլյա Զավիլեյսկայան: Այցի ընթացքում նրանք նշել էին, որ հետաքրքրված են Հայաստանում DataArt-ի մասնաճյուղ բացել եւ համագործակցել Պոլիտեխնիկի հետ: