13:57 | 22.02.19 | Նորություններ | 9684
Փետրվարի 19-ին Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը եւ «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի հիմնադիր եւ ղեկավար Լարիսա Հովաննիսյանը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել են «Տեխնոլոգիաները հանուն կրթության» խորագրով քննարկմանը:
Բանախոսները կիսվել են կրթության մեջ եւ աշխատանքում կիրառվող տեխնոլոգիաների կարեւորության, ժամանակին համընթաց քայլելու եւ աշխատանքն ու կրթության գործընթացը ավելի արդյունավետ դարձնելու իրենց փորձով։ Քննարկմանը մասնակցել են հարյուրից ավելի երիտասարդներ, ապագա եւ գործող ստարտափերներ, ուսանողներ, տեխնիկական ու կրթական ոլորտների փորձագետներ։
«Ստարտափ հիմնելու համար պետք է ունենալ գաղափար, որին ոչ ոք չի հավատում, եւ ջանասիրաբար անել ամեն ինչ, որ այն իրականանա: Շատ կարեւոր է թիմը, որի հետ աշխատում ես՝ նույն ուղղությամբ նայելու, իրար մտքերը եւ ասելիքը ճշգրիտ հասկանալու, նույն կրթական մակարդակում գտնվելու, ինքնակրթվելու, փոփոխվող միջավայրում արագ կողմնորոշվելու կարողություններով օժտված, լավ իմաստով «գժերի» թիմը»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
«Կրթական ոլորտը տարբեր է իր սպեցիֆիկայով՝ այստեղ շատ բաներ պահանջում են ավելի համակարգային մոտեցում։ Բայց այս մի քանի տարիների ընթացքում մենք համոզվել ենք, որ որքան նորարար եւ տեխնոլոգիաներով հագեցած լինեն մեր գործողությունները, այնքան արագ մենք կկարողանանք հասնել աշխարհի սրընթաց զարգացմանը։ Մեր երեխաներին պետք է հենց դպրոցից սովորեցնել ինչպես կիրառել տեխնոլոգիաները հանուն կրթական գերազանցության, որ աղբյուրներից օգտվել, ինչպես մասնագիտական ու այլ օգտակար գրականություն որոնել», - ընդգծել է «Դասավանդի’ր, Հայաստան»-ի հիմնադիր եւ ղեկավար Լարիսա Հովաննիսյանը։
Զրույցների շարքը մեկնարկել էր դեռ նախորդ տարի՝ մարզային դպրոցներ այցելությունների ժամանակ եւ շարունակական բնույթ է ունենալու։