10:57 | 22.02.19 | Նորություններ | exclusive 30993

FAST-ի ներդրող հրեշտակները ծանոթացել են հայկական ստարտափների լուծումներին

Փետրվարի 21-ին Երեւանում կայացել է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) նախաձեռնությամբ ստեղծված գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում ներդրողների ցանցի (Science and Technology Angels Network - STAN) մասնակցությամբ երրորդ փիչինգ միջոցառումը:

18 ստարտափ, որոնցից 8-ը՝ «Ներուժ» ծրագրի մրցանակակիրներն են, ներկայացրել են իրենց լուծումները ներդրողներին:

FAST-ի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը Itel.am-ի հետ զրույցում նշել է, որ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում սա արդեն երրորդ փիչինգ միջոցառումն է:

photo © FAST



«Նկատելի է, որ այս անգամվա մասնակից ստարտափներն ավելի զարգացած մտքեր ունեին: Դրանցից շատերը մեր ստարտափ ստուդիայի միջոցով են հասել այս արդյունքին: Հետաքրքիր բիզնես մոդելներ կան՝ դատա անալիտիկայից մինչեւ e-commerce»,- ընդգծել է նա:

Արմեն Օրուջյանը կարեւորել է այն հանգամանքը, որ ներկայացված են ստարտափներ տարբեր երկրներից, որոնք ներդրում ստանալու դեպքում գործունեություն են ծավալելու հենց Հայաստանում:

«Ներդրում ստանալու համար հրեշտակ ներդրողի կողմից տվյալ ստարտափի նկատմամբ անհատական հետաքրքրություն պետք է լինի»,- հավելել է նա:

Ներդրողների ոչ ֆորմալ ցանցի համանախագահ Ռուբեն Հարությունյանն էլ նշել է, որ կցանկանար Հայաստանում տեսնել ավելի մեծ թվով փորձառու ստարտափների:

photo © FAST

«Նման ստարտափների հետ ավելի հեշտ է աշխատել: Տարբեր երկրներից ներդրող հրեշտակներ են ժամանել՝ մասնակցելու այս միջոցառմանը: Սա մի մեծ զամբյուղ է, որտեղ կան մեծ թվով գաղափարներ, եւ դրանք աստիճանաբար զտելով՝ մենք ընտրում ենք, մեր կարծիքով, լավագույններին»,- ասել է Ռուբեն Հարությունյանը:

FAST-ի համահիմնադիր Արթուր Ալավերդյանն ընդգծել է, որ անձամբ ծանոթ է ներկայացվող ստարտափների 80 տոկոսին:

«Ինձ հետաքրքրում են հատկապես այն ստարտափները, որոնց հիմքում լուրջ տեխնոլոգիաներ, գիտական մաս եւ նորարարություն է ներդրված: Կցանկանայի, որ ավելանար deep tech ստարտափների թիվը: Այդ պարագայում թե՛ պետությունը, թե՛ ներդրողները հավելյալ արժեք (added value) կստանային»,- նշել է Արթուր Ալավերդյանը:

Ներդրողների ոչ ֆորմալ ցանցը նպատակ ունի խթանել գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում գործող հայաստանյան ստարտափներում համատեղ ներդրումները, ներկայացնել եւ արմատավորել միջազգային լավագույն փորձը:

photo © FAST

Նախաձեռնության շուրջ համախմբվել են հայազգի 18 ներդրողներ եւ ձեռնարկատերեր Հայաստանից եւ արտերկրից, որոնք ոչ միայն ֆինանսական միջոցներ կհատկացնեն հայաստանյան ստարտափներին, այլեւ կցուցաբերեն խորհրդատվական օժանդակություն, հանդես կգան որպես մենթորներ եւ կուղղորդեն անհրաժեշտ կապերի հաստատման հարցում:

Ցանցի գործունեության առաջին չորս տարվա համար տարեկան նվազագույն ներդրումը ցանցի յուրաքանչյուր անդամի համար կազմում է $10 հազ., հինգերորդ տարուց սկսած՝ $20 հազ.:

FAST-ն ապահովում է ցանցի եւ ստարտափների միջեւ կապերի հաստատման եւ զարգացման հնարավորություններ, կազմակերպում է փիչինգ (pitching) եւ այլ միջոցառումներ, ցուցաբերում է իրավաբանական աջակցություն, իրականացնում ստարտափների համալիր գնահատում:

Նարինե Դանեղյան