09:14 | 13.02.19 | Նորություններ | 2545
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «տեխնոլոգիական հատվածն այսօր մեր տնտեսության շարժիչ ուժերից է»:
Փետրվարի 12-ին ընդունելով Եվրոպական միության անդամ երկրների` Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպաններին, վարչապետն ասել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացման մեծ ներուժ ունեն Հայաստանում:
«Նրանք դառնում են մեր հիմնական համեմատական առավելություններից մեկը եւ կարող են ապագայում դառնալ մեր տնտեսության անկյունաքարը», - ասել է նա:
«Հայաստանը հյուրընկալելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, որը տեղի կունենա 2019 թ. հոկտեմբերի 6-9-ը Երեւանում: Միջոցառմանը կմասնակցեն հարյուրավոր գործարար համայնքների անդամներ, մի քանի տասնյակ երկրներից ակադեմիկոսներ եւ կառավարական ներկայացուցիչներ: Օգտվելով առիթից, կցանկանայի խնդրել ձեզ այս տեղեկությունը փոխանցել ձեր կառավարություններին` այդ իրադարձությանը ներկայացուցիչներ ուղարկելու համար», - նշել է կառավարության ղեկավարը: