17:22 | 31.01.19 | Նորություններ | 3074

Վարչապետ. ՏՏ-ն հայկական թավշյա հեղափոխության հաջողության բանալիներից էր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Քյոլնի տեխնիկական համալսարանում հայտարարել է, որ ՏՏ-ն հայկական թավշյա հեղափոխության հաջողության բանալիներից մեկն էր:

«Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո - թվային եւ տեխնոլոգիական դարաշրջանի խոստման իրագործումը» խորագրով ելույթում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ «սոցիալական ցանցերի միջոցով հայ ժողովուրդը համախմբվեց՝ ոչ ասելու նախկին վերնախավին, որը չէր վայելում ժողովրդի վստահությունը»:

«Արտահերթ խորհրդարանական ընտրություններով ավարտվեց թավշյա հեղափոխության առաջին փուլը: Այժմ մենք ունենք ոչ պակաս կարեւոր խնդիր: Մեզ խիստ անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն: Այդ նպատակով մենք մտադիր ենք օգտվել թվային դարաշրջանի ընձեռած բոլոր հնարավորություններից:

Տեխնոլոգիական նորարարությունը շահավետ է նաեւ ծառայություն մատուցողների համար. գլոբալ նյութատեխնիկական մատակարարման շղթաներն ավելի արդյունավետ են դարձել, իսկ սպասարկման գները նվազել են: Բացվել են նոր շուկաներ, խթանվել է տնտեսական աճը: Եվ, որ ամենակարեւորն է, ՏՏ-ը եւ թվային դարաշրջանը բարձրացնում են երկրների միջազգային մրցունակությունը:

Սա հատկապես վերաբերում է Հայաստանի նման փոքր երկրներին, որոնք աշխարհագրական ու աշխարհաքաղաքական սահմանափակումների պատճառով սահմանափակ ազդեցություն են ունենում գլոբալ գործընթացների վրա:

ՏՏ-ը բոլոր խաղացողների համար ապահովում է հավասար պայմաններ՝ նրանց դիրքից եւ կարողություններից անկախ: Այդ իսկ պատճառով, Հայաստանի կառավարությունը գերակա ուղղություն է համարում ՏՏ ոլորտը` որպես տնտեսական զարգացման հենասյուներից մեկը: Հաշվի առնելով շուրջ հարյուրամյա վաղեմություն ունեցող ավանդույթները` մենք իրապես բռնել ենք տեխնոլոգիական եւ արդյունաբերական տնտեսություն կառուցելու ճանապարհը:

Մենք ցանկանում ենք պահպանել 21-րդ դարի չափանիշները, որպեսզի ընդլայնենք մեր հնարավորություններն ու հեռանկարները, որպեսզի Հայաստանը դառնա բարձրարժեք եւ գիտելիքահեն ապրանքներ ու ծառայություններ արտադրող եւ մատուցող երկիր՝ հիմքում ունենալով ստեղծագործ մարդկային կապիտալ»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի առաջնահերթություններից են արհեստական ինտելեկտը, կիբեռանվտանգությունը, բլոկչեյնն ու կիսահաղորդչային տեխնոլոգիաները: