12:50 | 25.01.19 | Նորություններ | 11078
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը շուրջ 5 ամիս առաջ ստանձնել են Երեւան-Մեղրի միջպետական մայրուղու կարեւորագույն հատվածներից մեկը լուսավորելու խնդիր լուծումը:
Արտաքին լուսավորության ապահովման հարցն ընդգրկված է եղել նաեւ համայնքի զարգացման ծրագրում, սակայն կոնկրետ այդ հատվածում դա հաջողվել է կյանքի կոչել միայն գործակցող կողմերի աջակցությամբ:
Մայրաքաղաքից ավելի քան 370 կմ հեռավորություն վրա գտնվող Մեղրիում, խնդրահարույց ճանապարհահատվածում վերջերս մեծ թափով աշխատանքներ են իրականացվել: Տեղադրվել է էներգաարդյունավետ 33 LED-լուսատու: Էներգախնայող համակարգի ներդրման արդյունքում լուսավորվել է ավելի քան մեկ կմ ճանապարհ:
«Մեղրի համայնքի զարգացման ծրագրի՝ լուսավորության բաղադրիչն այսօր համարում ենք ապահովված: Լուծվել է ոչ միայն սոցիալական, այլեւ՝ անվտանգության հարց: Երեւան-Մեղրի մայրուղու կոնկրետ այդ ճանապարհահատվածում, միշտ ստեղծվում է կիսավթարային իրավիճակ: Հուսով ենք, որ իրականացված աշխատանքի արդյունքում ապահովված լուսավորության շնորհիվ ամեն ինչ կփոխվի: Ծրագիրը նաեւ բնապահպանական խնդիր է լուծել»,- նշել է Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը:
«Հայաստանի մի շարք համայնքներում իրականացված ծրագիրն արդյունավետ է մի քանի տեսանկյունից: Այն ժամանակակից մոտեցում է եւ լուծում է սոցիալական, բնապահպանական ու նաեւ՝ անվտանգության հարցեր: Այս լուսատուներն ի տարբերություն գազային կամ էկոնոմ լամպերի, ավելի երկար են շահագործվում, հաճախակի չեն փոխարինվում եւ ֆինանսական կամ մարդկային աշխատուժի լրացուցիչ ռեսուրսներ չեն պահանջում: Արձանագրվող էներգախնայողությունն էլ կազմում է շուրջ 65-80 %»,- ասել է ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը:
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն արձանագրել են հերթական ձեռքբերումը. լուծվել է եւս մեկ համայնքի հուզող հարց: Մեղրիի խնդրահարույց ճանապարհահատվածում էներգախնայող համակարգն արդեն գործարկվել է: