12:12 | 23.01.19 | Նորություններ | 4695
Նոյեմբերին պատմել էինք, որ Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր, Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Shakmat անունով կոնյակի բրենդ էր գործարկել:
Կոնյակի յուրաքանչյուր շշի վաճառքից ստացված հասույթի մի մասը հատկացվելու է Armenia Tree նախագծին, որը Հայաստանի ամբողջ տարածքում ավելի քան 5,5 մլն ծառ է տնկել:
Forbes-ը Shakmat-ի մասին զրուցել է հայազգի ձեռներեցի հետ: Ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից:
***
Հայկական կոնյակի ավանդույթների մասին
Հայկական կոնյակը երեւույթ է, որով հայերը շատ են հպարտանում: Սակայն Հայաստանից եւ հայկական համայնքից դուրս այդ մասին ոչ ոք չգիտի, ինչը չափազանց ամոթ է, քանի որ հայկական կոնյակը լեգենդար է:
Հայաստան կատարած ճամփորդության մասին
Մենք վայրէջք կատարեցինք արեւածագից առաջ, վազեցինք դուրս եւ արեւի առաջին ճառագայթները տեսանք: Հետո Երեւանում շրջայց կատարեցինք, կանգ առնելով այն վայրերում, որտեղ ես հաճախ էի լինում, երբ Երեւանում էի ապրում: Այցելեցինք տարբեր գործարաններ, որտեղ համտեսումների մասնակցեցինք: Ամեն ինչ ավարտվեց հայկական ավանդական ճաշով:
Մի քանի կարպետ գնեցի ԱՄՆ ուղարկելու նպատակով: Նախագծի թիմի հետ նաեւ տեղական բարերից մեկում հավաքվեցինք:
Վարչապետի հետ հանդիպման մասին
Այցի ընթացքում հանդիպեցի նաեւ Հայաստանի վարչապետին: Դա իսկապես ոգեւորիչ հանդիպում էր:
Ողջ Հայաստանով մեկ զգում ես լավատեսություն վարչապետի կատարած աշխատանքի հանդեպ: Նա կշարունակի նույն կերպ աշխատել՝ օգնելու Հայաստանին բարգավաճել, նվազեցնել կոռուպցիան: Դա ոգեւորիչ է, քանի որ հայերը ողջ աշխարհում շատ բաների են հասել, եւ տեղին է, որ հայրենիքում էլ նույնը ստացվի: Սա Հայաստանի պատմության ամբողջովին նոր գլուխ է:
Կոնյակ խմելու սեփական մեթոդի մասին
Shakmat կոնյակը ես խմում եմ հանգիստ: Եթե ձեռքիս տակ կա հայկական ծիրան, այն մեջտեղից կիսում եմ, հանում կորիզը եւ օգտագործում որպես բաժակ՝ կոնյակը խմելու համար:
Սա 23 ամյա կոնյակ է, հետեւաբար բարձրորակ է, ինչը մեզ համար շատ կարեւոր էր, քանի որ աշխարհին առաջին տպավորությունն է հաղորդում Հայաստանի մշակույթի եւ պատմության մասին:
Shakmat-ը ստեղծելիս օգտագործվել են բացառապես հայկական խաղողի տեսակներ, իսկ փայտը կովկասյան կաղնուց է: Այդպիսով ցանկանում ենք աշխարհին ցույց տալ ինչպես լավագույն հայկական ավանդույթները, այնպես էլ երկրի բնական ռեսուրսները:
Շախմատի սեփական հմտությունների մասին
Ինձ շախմատ խաղալ սովորեցրել է մայրս: Պատանի տարիքում շախմատ խաղում էի, սակայն ոչ այդքան լավ եմ խաղում: Բիզնեսի իմ սիրելի դասերից է այն, որ ինչպես շախմատի դեպքում, ցանկացած մեկը կարող է սովորել, թե ինչպես են մասնիկները շարժվում, սակայն իրական մարտահրավերն այն է, թե հատկապես երբ է պետք դրանք շարժել: Սա շախմատի այն դետալն է, որն ինձ որպես ձեռներեցի իսկապես դուր է գալիս: