17:06 | 22.01.19 | Նորություններ | 2924

Երեւանի թիվ 155 դպրոցում «Արմաթ» լաբորատորիա է բացվել

Աջափնյակ վարչական շրջանի թիվ 155 հիմնական դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:

Դպրոցն իր սեփական ֆինանսական միջոցներն է ներդրել իր աշակերտներին ինժեներական գիտելիքների փոխանցման եւ «Արմաթ»-ի ստեղծման համար:

«Հաշվի առնելով դոնոր կազմակերպությունների սղությունն ու այն առաջնահերթությունը, որ «Արմաթ»-ները ստեղծվում են սահմանամերձ եւ մարզային բնակավայրերում, մի շարք դպրոցներ հանդես են գալիս սեփական նախաձեռնությամբ՝ որպեսզի օր առաջ դպրոցականներին տրամադրեն ժամանակակից կրթության անվճար պայմաններ: Սա հերթական օրինակելի նախադեպն է, երբ դպրոցի տնօրինությունը ինքնուրույն է ֆինանսական միջոցներ հայթայթում՝ կրթության որակի բարելավման համար»,- նշել են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում (ԱՏՁՄ):

Հայաստանում ու Արցախում ներկայում գործում են ավելի քան 250 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որտեղ դպրոցականներն անվճար գիտելիք են ստանում, մասնակցում բազմապրոֆիլ զարգացման միջոցառումների ու ծանոթանում ՏՏ ոլորտի հնարավորություններին: