16:51 | 20.12.18 | Նորություններ | 2536

ԱՏՁՄ-ն ամփոփել է անցնող տարին եւ ներկայացրել 2019թ. ծրագրերը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2018թ. իրականացրել է տասնյակ ծրագրեր՝ ուղղված Հայաստանի գիտակրթական, գործարար եւ ռազմարդյունաբերության ոլորտների աջակցմանը:

ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը եւ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը այսօր ամփոփել են անցնող տարին եւ խոսել 2019թ. ծրագրերի մասին:

2018թ. միությունը ընդլայնել է իր գործունեության ոլորտը՝ ներառելով առաջատար տեխնոլոգիաների ոլորտը: ԱՏՁՄ-ին այժմ անդամակցում է 80 ընկերություն՝ ինչպես տեխնոլոգիական, այնպես էլ տնտեսության այլ ոլորտներից:

Բանախոսները խոսել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների մասին, որոնց թիվն արդեն 250 է, իսկ աշակերտների քանակը՝ 5300: Իրականացված կրթական միջոցառումներից են «ԱրմՌոբոտիքս»-ը, «ԴիջիԿոդ»-ը, «ԴիջիՔեմփ»-ը, «Արմաթ» տեխնոլոգիական ամառային ճամբարը, Իրական դպրոց կրթական ծրագիրը:

ԱՏՁՄ-ի կրթական ծրագրերում այս տարի ընդգրկված է եղել շուրջ 5500 դպրոցական:

Իրական դպրոցը, որը գործում է 2016 թ-ից Ինստիգեյթ ուսումնական կենտրոն հիմնադրամի եւ ԱՏՁՄ-ի ջանքերով, իրականացնում է «Համակարգերի տեսություն» մասնագիտությամբ փորձարարական ծրագիրը։ Երեւանից բացի, արդեն գործում են նաեւ Վանաձորի եւ Գյումրու մասնաճյուղերը: Ընդհանուր թվով Իրական դպրոցում ուսանում է 119 աշակերտ։

Վերջերս Դիլիջանում կայացել է Բիզնես ինովացիոն 6-րդ ամենամյա ֆորումը, որի շրջանակում նախագծվել է Հայաստանի արդիականացման ծրագիր: Ֆորումի շրջանակում ԱՏՁՄ-ի եւ ԱԱԾ-ի միջեւ կնքվեց «Հայաստանի կիբեր անվտանգությունն ապահովելու ոլորտում» փոխհամագործակցության մասին հուշագիր:

Ամռանը կայացած 11-րդ ԴիջիԹեք բիզնես ֆորումի շրջանակում մասնագիտական քննարկումներ են տեղի ունեցել ռազմարդյունաբերության, կրթության, կիբեռանվտանգության, վերականգնվող էներգիայի, էլեկտրոնային կառավարման, իրերի ինտերնետի, լրացված եւ վիրտուալ իրականության, արհեստական բանականության եւ տվյալների գիտության, ինչպես նաեւ ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի՝ GDPR թեմաներով:

Սեպտեմբերին ԱՏՁՄ-ն Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի աջակցությամբ Երեւանում կազմակերպել էր հայ-ամերիկյան գործարար ֆորում, որտեղ ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը եւ քննարկվել հայ-ամերիկյան ՏՏ գործակցությունը:

ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի համախմբել է ՏՀՏ ոլորտի շուրջ 120 ընկերությունների ու ծրագրերի եւ մոտ 80 հազար այցելուի: ԴիջիԹեք են այցելել նաեւ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում անցկացվող տնտեսական համաժողովի հյուրերն ու ներկայացուցիչները:

ԴիջիԹեքի շրջանակում հայտարարվել է 2019թ. Երեւանում անցկացվելիք «ՏՏ համաշխարհային համաժողով»-ի (WCIT 2019) հետհաշվարկը: Այն Հայաստանում կանցկացվի 2019թ. հոկտեմբերի 6-9-ը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանն արդեն ձեռք է բերել մի շարք պայմանավորվածություններ WCIT 2019-ին միջազգային առաջատար ընկերությունների մասնակցության վերաբերյալ: Օրեր առաջ Ա. Եսայանը հանդիպել է Թայվանի Տնտեսական գործերի նախարար Չեն Ջոնկ-չինի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Թայվանի մի շարք ՏՏ ընկերությունների այց Հայաստան՝ ինչպես առաջիկա ամիսներին, այնպես էլ հոկտեմբերին՝ WCIT 2019-ի շրջանակում:

ԱՏՁՄ-ն 2018թ. ներկայացրել է նաեւ Հայաստանի տեխնոլոգիական մոդեռնիզացիայի ծրագիր 3 բաղադրիչով՝

- Ստեղծել Ինովացիաների եւ տեխնոլոգիական զարգացումների նախարարություն,

- Ձեւավորել CIO (գլխավոր տեղեկատվական կառավարիչ) մարմին, որը պատասխանատու կլինի պետական համակարգերի համընդհանուր ստանդարտների եւ միասնական բազաների ստեղծման համար

- Ստեղծել Ռազմարդյունաբերության նախարարություն՝ տարանջատելով այն բանակից: