10:38 | 30.11.18 | Նորություններ | 12690

«Նեյշնլ Ինսթրումենթս»-ի համահիմնադիր Ջեյմս Թրյուշարդն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի այս տարվա դափնեկիր` «Նեյշնլ Ինսթրումենթս» կազմակերպության համահիմնադիր դոկտոր Ջեյմս Թրյուշարդն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ:

Կարճ դասախոսությունից առաջ կայացել է Ջեյմս Թրյուշարդի համատեղ մամուլի ասուլիսը ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանի եւ Ինժեներական ասոցիացիայի խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի հետ:

Հակոբ Արշակյանը ողջունել եւ երախտագիտություն է հայտնել հյուրին՝ կարեւորելով այն մեծ ավանդը, որ Ջեյմս Թրուշաշրդն ունի ինժեներական ոլորտի հեղափոխական զարգացման գործում:

«Այսօրինակ մրցանակաբաշխության դերը շատ մեծ է մեր երկրի համար՝ նկատի ունենալով նաեւ կառավարության այն տեսլականը, որով Հայաստանը պիտի դառնա բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական եւ գիտատեխնիկական հնարավորություններով երկիր: ՏՏ ոլորտում մեծագույն ներդրում եւ որակական փոփոխություն բերած մարդիկ, գալով Հայաստան, իրենց արժեքավոր փորձն են բերում մեր երկիր եւ բարձրացնում Հայաստանի ճանաչելիությունը»,- նշել է նա:

«Համաշխարհային ՏՏ մրցանակը, որպես Հայաստանում իրականացվող շարունակական նախաձեռնություն, ավելին է, քան աշխարհի ՏՀՏ քարտեզի վրա Հայաստանի դիրքերն ամրապնդելն ու երկրի հեղինակությունը բարձրացնելը: Չափազանց կարեւոր է, որ մրցանակի շրջանակներում Հայաստան են ժամանում եւ ՏՀՏ համայնքի ու նաեւ երիտասարդների համար դասախոսում այս ոլորտում իրապես նորը ստեղծած մարդիկ, ում դարակազմիկ հայտնագործությունները թելադրել են աշխարհի զարգացման հետագա ուղղությունը: Մրցանակի դափնեկիրները, ինչպես բոլոր ժամանակների տաղանդավոր մարդիկ, չեն նմանակել նախորդներին, չեն անցել ուրիշի տրորած ճանապարհով, չեն ձգտել տեղավորվել մինչ այդ գործող խաղի կանոններում: Հայաստանն ունի մտավոր այն անհրաժեշտ ներուժը, որը թույլ կտա ոչ միայն զարգացնել ՏՀՏ ոլորտը իբրեւ երկրի մրցակցային առավելություն, այլեւ երկարաժամկետ կտրվածքով ստեղծել նոր որակ ՏՀՏ ոլորտում ու արժանապատվորեն կանգնել ՏՀՏ հսկաների հետ կողք-կողքի»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«ՏՏ աշխարհում բազմաթիվ խոշոր դերակատարներ կան, սակայն նրանց մեջ կան մարդիկ, որոնք բացառիկ ներդրումներ են ունեցել մարդկության կյանքի ընթացքը փոխելու առումով եւ մենք այս ամենամյա մրցանակաբաշխության միջոցով ուզում ենք նախ մեծարել նման անհատներին, ապա նաեւ հյուրընկալելով նրանց Հայաստանում, հաղորդակից լինենք այդ հսկաների հետ, քանի որ մենք շատ սովորելու բան ունենք նրանցից: Սա նաեւ բացառիկ հնարավորություն է մեր երիտասարդության համար, անմիջական շփումներ ունենալ համաշխարհային լեգենդների հետ»,-ասել է մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանը:

ՏՀՏ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը կայացած դասախոսության ընթացքում Թրյուշարդն անդրադարձել է մի շարք ոլորտների, որոնցում գործունեություն է ծավալում «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունը:

Հայաստանյան երիտասարդության ներուժին վերաբերող հարցին ի պատասխան՝ նա նկատել է, որ միջազգային շուկայում հայաստանցի երիտասարդներն, անշուշտ, կարող են մրցակցել եւ այս հարցում «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունը կարող է օրինակ ծառայել:

Նրա համոզմամբ՝ Հայաստանում ապրող եւ աշխատող երիտասարդ մասնագետները հնարավորություններ ունեն հիմնելու ընկերություններ եւ աշխատելու առանց արտերկիր մեկնելու: Իսկ «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունը կարող է հաջողության օրինակ ծառայել նրանց համար՝ համաշխարհային շուկայում հանդես գալու առումով:

«Ինձ համար Հայաստանն աշխարհի այն կարեւոր անկյուններից է, որտեղ գործունեություն է ծավալում «Նեյշնլ Ինսթրումենթս»-ը, եւ ես տեսնում եմ այն մեծ ներուժը, որը կա Հայաստանում. տարիներ շարունակ իմ օրակարգում է եղել օգնել հայ ինժեներներին իրենց ներդրումն ունենալ եւ մասնակցել համաշխարհային ՏՏ ոլորտում»,- նշել է մրցանակակիրը: «Տեխնոլոգիաների զարգացման համար անչափ հետաքրքիր ժամանակներ են եւ ես վստահ եմ, որ Հայաստանը լավ հնարավորություն ունի մասնակցելու այսօրվա գործընթացներին՝ իրերի ինտերնետի, ինքնավար տրանսպորտային միջոցների եւ շատ այլ բնագավառներում: Հայաստանցի գիտնականներն ու ինժեներները լավ պատրաստված են եւ անցել են մասնագիտական դասընթացներ: Հուսով եմ՝ «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունը կարող է օգտակար լինել նաեւ համաշխարհային տեխնոլոգիական հնարավորությունները նրանց հասանելի դարձնելու առումով»,- հավելել է Ջեյմս Թրյուշարդը:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական ամենամյա մրցանակը հիմնվել է 2009թ.՝ ՀՀ նախագահի հրամանագրով, եւ շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատների։ 2018թ․ այս մրցանակաբաշխությունը վերանվանվել է՝ ստանալով «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» անվանումը:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի նախորդ մրցանակակիրներն են «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը (2010թ.), «Էփլ Քոմփյութերս» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը (2011թ.), «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը (2012թ.), Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության եւ «Թեքնո վիժն» ընկերության նախագահ Ցուգիո Մակիմոտոն (2013թ.) եւ «Cisco» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան (2014թ.), «Կասպերսկի լաբորատորիայի» գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին (2015թ.),  «Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն, համացանցի համահիմնադիր Լուի Պուզեն (2016թ.), «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, «Ipod» ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադել (2017թ.):