15:51 | 29.11.18 | Նորություններ | 2595

Գյումրիում կայանալիք տեխնո համաժողովն ընդունում է հայտեր

Դեկտեմբերի 7-ից 8-ը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կկայանա «Բարձր տեխնոլոգիաները մարզային համաչափ զարգացման գրավական» խորագրով երկօրյա համաժողովը:

Երկրորդ անգամ անցկացվող միջոցառման նպատակն է բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության եւ հարակից ոլորտների կրթության, բիզնեսի զարգացման ու ենթակառուցվածքային խթանիչ միջավայրի ձեւավորման գործընթացներում ներկայացնել Շիրակի մարզի հաջողված փորձը, քննարկել առկա մարտահրավերներին ուղղված առաջարկներն ու այլ մարզերի հետ փորձի փոխանակումը՝ որպես մարզերի հզորացման երաշխիք։

Մասնակցությունն անվճար է: Հարկավոր է նախապես գրանցվել այստեղ:

Համաժողովի ընթացքում կամփոփվեն նաեւ նախորդ համաժողովի արդյունքները: Մասնավորապես, նախորդ տարվա մասնակիցները կկիսվեն իրենց ձեռքբերումներով եւ հաջողություններով, կհաստատեն կապեր հայ եւ միջազգային փորձագետների հետ, կներկայացնեն իրենց գաղափարները։

Համաժողովը կազմակերպում են ՀՀ կառավարությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, Գյումրու քաղաքապետարանը՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ: Վերջինս ֆինանսավորվում է ԵՄ-ի եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության կողմից եւ իրականացվում GIZ-ի «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից: