11:37 | 15.11.18 | Նորություններ | 4737

«Ծրագրավորման ժամ» միջոցառումն ընդունում է մասնակցության հայտեր

Դեկտեմբերի 16-ին «Այբ» ավագ դպրոցում «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի» եւ «Այբ» դպրոցի նախաձեռնությամբ տեղի կունենա «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը:

Հայաստանում 5-րդ անգամ կազմակերպվող միջոցառման նպատակն է մասնակիցների համար բացահայտել «ծրագրավորող», «ծրագրավորման կոդ» եւ նման հասկացությունները եւ ցույց տալ, որ ցանկացած մարդ կարող է սովորել ծրագրավորման հիմունքները։ Այս ամենը մասնակիցները սովորում են խաղերի միջոցով ընդամենը մի քանի ժամում՝ իրենց կցված մենթորների օգնությամբ:

Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են ՏՏ ոլորտով եւ ցանկանում են բացահայտել, թե ինչ է ծրագրավորումը։ Մասնակցության համար ծրագրավորման իմացությունը պարտադիր չէ: Անհրաժեշտ է անգլերենի տարրական իմացություն: Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ նոյեմբերի 30-ը լրացնել դիմում-հայտը:

Hour of Code-ը համախմբում է ավելի քան 280 մլն մասնակցի` աշխարհի 180 երկրից: 2017թ. միջոցառմանը Հայաստանում մասնակցել է 5-18 տարեկան 500-ից ավելի պատանի:

««Ծրագրավորման ժամ» միջոցառման միջոցով մենք փորձում ենք զարգացնել երիտասարդների տրամաբանական կարողությունը եւ ցույց տալ, թե ինչ են այն տեխնոլոգիական պրոդուկտները, որոնցից նրանք օգտվում են ամեն օր․ խաղեր, վեբկայքեր ու հավելվածներ։ Արդեն 5-րդ տարին անընդմեջ անցկացվող այդ միջոցառումն անչափ սպասելի է դարձել դպրոցականների շրջանում, ինչը, հուսով ենք, կբերի նրան, որ այն կանցկացվի յուրաքանչյուր դպրոցում եւ կրթական հաստատությունում»,- նշել է «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» տնօրեն Արտաշես Վարդանյանը:

«Հայաստանն ունի մեկ հիմնական ռեսուրս, որը մեր հավաքական ուղեղն է։ Որքան ավելի այն հզորացնենք, այնքան ավելի հզոր երկիր կունենանք։ Այս միջոցառումն ուղղված է նրան, որ մեր աճող ուղեղներն ավելի հզոր լինեն։ Ծրագրավորումն ապագայի լեզուն է, որի միջոցով մենք գնալով ավելի ու ավելի շատ ենք շփվելու մեզ շրջապատող ինքնաշխատ համակարգերի հետ։ Որքան ավելի լավ տիրապետի մեր աճող սերունդն այս լեզվին, այնքան ավելի լավ կզգա իրեն ապագայի աշխարհում»,- ընդգծել է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:

Միջոցառման գործընկերն է «Յուքոմ» ընկերությունը, որը միջոցառման տարածքը կապահովի ինտերնետ կապով։