15:37 | 11.12.17 | Նորություններ | 4612

Hour of Code-ին մասնակցել է շուրջ 300 դպրոցական

Դեկտեմբերի 10-ին «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի» եւ «Այբ» դպրոցի նախաձեռնությամբ արդեն 4-րդ անգամ կայացել է «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը:

Միջոցառմանը մասնակցել է 300-ից ավելի դպրոցական Հայաստանի տարբեր համայնքներից:

Ծրագրավորման նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու եւ երեխաների տրամաբանությունը զարգացնելու նպատակով յուրաքանչյուր տարի աշխարհի 180-ից ավելի երկրում կազմակերպվում է «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը՝ ներգրավելով ավելի քան 280 մլն մասնակցի։

Համաշխարհային ՏՏ ընկերությունները միջոցառման համար մշակում են ծրագրավորման տարբեր խնդիրներ՝ խաղերի տեսքով, որոնք մասնակիցները փորձում են լուծել մենտորների օգնությամբ։ Հայաստանում անցկացվող միջոցառման գործընկեր Microsoft ընկերությունը, հիմնվելով հայտնի Minecraft խաղի վրա, միջոցառման համար մշակել էր հատուկ խաղ՝ «Հերոսի ճանապարհը» (Hero's Journey) անվանմամբ։ Խաղի հեղինակները ծրագրավորման հիմունքները եւ սկզբունքները ներկայացնում են խաղի գրավիչ գործակալների միջոցով։ Միջոցառման գործընկեր «Յուքոմ» ՍՊԸ-ն միջոցառման ընթացքում մասնակիցների համար ապահովել է անխափան եւ գերարագ ինտերնետ կապ, իսկ menu.am-ը երեխաներին տրամադրել է սնունդ։

«Հետաքրքրությունը միջոցառման նկատմամբ տարեցտարի մեծանում է, եւ հետաքրքրականն այն է, որ մեկ անգամ միջոցառմանը մասնակցած թե’ մենտորները, թե’ մասնակիցները միշտ վերադառնում են հաջորդ տարվա միջոցառմանը։ Հիմնական պատճառն այն ոգեւորվածությունն է եւ հետաքրքրվածությունը, որով ավարտվում է ամեն տարվա «Ծրագրավորման ժամը». չէ՞ որ այդ հետաքրքրությունն է նրանց ինչ-որ մի օր կայացած ծրագրավորող դարձրել կամ դարձնելու»,- նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը:

Միջոցառմանը որպես մենթոր ներգրավված էր 50-ից ավել ծրագրավորող՝  հայկական առաջատար ՏՏ ընկերություններից, որոնք մասնակիցներին իրենց տարիքին համապատասխան խաղերի միջոցով բացատրել են ալգորիթմներ, գործառույթներ, սովորեցնել գրել իրական կոդ։   

«Ապագայում մենք շրջապատված ենք լինելու ավտոմատ համակարգերով, որոնք իրենց վրա կվերցնեն շատ գործառույթներ, որոնք հիմա համարվում են մարդու մենաշնորհ։ Այդ համակարգերի կառուցման ու կառավարման լեզվին պիտի տիրապետի ամեն մարդ։ Այդ լեզուն ծրագրավորման լեզուն է, եւ եթե մենք նպատակ ունենք լիարժեք կյանք ունենալու ապագայում, պիտի տիրապետենք ծրագրավորմանը։
«Այբ» դպրոցը պատասխանատվություն է վերցրել պատրաստելու նոր սերունդը ապագային, եւ հնարավորինս շատ մարդկանց, անկախ տարիքից, ծրագրավորման աշխարհին ծանոթացնելը կարեւոր քայլ է այդ առաքելության ճանապարհին»,- ընդգծել է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը: