11:25 | 24.10.18 | Նորություններ | 9487

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ լուծվել է եւս մեկ ընտանիքի բնակարանային խնդիր

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրի շրջանակում, Լոռու մարզի Դեբեդ գյուղում բնակվող Նազլուխանյանների ընտանիքը մի քանի ամիսների ընթացքում նկուղից տեղափոխվել է հարմարավետ բնակարան:

Գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն այցելել են Նազլուխանյաններին՝ գնահատելու շինարարական տարվա արդյունքներից մեկը եւ ընտանիքի հետ կիսելու բնակարանամուտի ուրախությունը:

«Ամեն կառուցվող տան հետ ամրանում է որեւէ մեկի հավատը: Եվ դա է ամենակարեւորը: Ծրագրի գնահատման ամենահաջողված ցուցիչը ոչ թե բարձրացող պատն է, այլ՝ քեզ նայող երեխայի աչքերի փայլը: Հոգսերի մեջ խորացած ընտանիքներում ամենամեծ ցավն զգում են երեխաները՝ մանկությունից կրելով ծնողներին օգտակար լինելու՝ անզորության զգացումը: Շինարարական աշխատանքներին մասնակցելու ընթացքում հաճախ եմ նկատել, թե ինչպիսի ոգեւորությամբ են նրանք հետեւում կամավորներին: Եվ այսօր ուզում եմ խոսքս ուղղել բոլոր ծնողներին. ձգտեք ուրախության փայլը պահպանել ձեր երեխաների աչքերում: Դրա համար երբեմն պահանջվում են շատ ավելի քիչ ջանքեր, քան կարող ենք պատկերացնել: Փոխանցեք նրանց սեր եւ վստահություն, եթե անգամ դուք չունեք այդ վստահությունը: Եվ կտեսնեք, թե նրանց այդ զորավոր ուժը ներարկելուց հետո, ինչպես է փոխվում նաեւ ձեր ներաշխարհն ու ինչ-որ բան փոխելու հնարավորությունը: Բոլոր դժվարությունները ժամանակավոր են»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Երբ խոսքը վերաբերում է երեխաների բարեկեցությանը՝ բոլոր հարցերը լուծման հրատապություն են ստանում: Այն, թե ինչպիսի պայմաններում են մեծանում երեխաները, շատ դեպքերում, որոշում է ապագայի նկատմամբ նրանց լավատեսությունն ու երազելու, նորն արարելու ձգտումը: Մեր համագործակցության արդյունքում երջանիկ երեխաների թիվը գնալով ավելանում է, ասել է թե՝ ծրագիրը հաջողված է»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի›› նախագահ Աշոտ Եղիազարյանը: