14:44 | 19.10.18 | Նորություններ | 3703

Հրազդան ՀԷԿ-ի հիման վրա մայնինգ կենտրոն կստեղծվի

Հրազդանում ստեղծված ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) շրջանակում, Հրազդան ՀԷԿ-ի հիման վրա ECOS արդյունաբերական մայնինգ կենտրոն կստեղծվի:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը եւ «Էկոս» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Զարմինե Զեյթունցյանը հոկտեմբերի 18-ին պայմանագիր են ստորագրել Հրազդանում ստեղծված ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին։

Հրազդանում տեղակայված ազատ տնտեսական գոտու գործունեությունն ուղղված է երկրում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը։ Հրազդանի ԱՏԳ-ի կազմակերպիչն է «Էկոս» (ECOS) ընկերությունը։

Մայնինգ կենտրոնը դառնալու է ինովացիոն ստարտափների համար նախատեսված տեխնոլոգիական կլաստերի մի մասը, ինչպես նաեւ ԱՏԳ-ի համար ծառայելու է որպես տվյալների պահպանման կենտրոն։

ԱՏԳ-ի հիման վրա ստեղծվում է էկոհամակարգ, որտեղ գործելու են մի շարք ենթակառուցվածքային ծառայություններ՝ կրթական-հաղորդակցական նախագծերից, հետազոտական լաբորատորիաներից մինչեւ էլեկտրոնային հարթակներ՝ նոր ձեւավորվող նախագծերում ներդրումներ ներգրավելու նպատակով։

ECOS-ն ինովացիոն էկոհամակարգ է, որի կազմի մեջ են մտնում տվյալների կենտրոններ, արդյունաբերական մայնինգ կենտրոններ, վենչուրային հիմնադրամ, ինովացիաների մշակման համար ստեղծված հետազոտական լաբորատորիա, կրթական հարթակ, աքսելերացիոն ծրագրեր եւ «Հայկական բլոկչեյն համաժողով» տեղեկատվական-կրթական ֆորումը։

ECOS նախագծի նպատակն է բարենպաստ պայմաններ ստեղծել բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում գործող այնպիսի կազմակերպությունների համար, որոնք թողարկում են արտահանմանն ուղղված արտադրանք։