17:44 | 17.10.18 | Նորություններ | 10111

«Թումո Փարիզը» պաշտոնապես իր դռներն է բացել

Հոկտեմբերի 16-ին Փարիզի Les Halles շրջանում տեղի է ունեցել «Թումո Փարիզի» պաշտոնական բացումը:

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Հետազոտության, գիտության եւ նորարարության հարցերով ԵՄ հանձնակատար Կառլոս Մոեդաշը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, «Թումոյի» հիմնադիր Սեմ եւ Սիլվա Սիմոնյանները, տնօրեն Մարի Լու Փափազյանը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ողջունել է հյուրերին եւ շնորհակալություն հայտնել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին` նշելով, որ «Թումո Փարիզի» փորձը վարակիչ է եվրոպական մյուս երկրների համար, որոնք նույնպես ցանկություն են հայտնել ունենալ «Թումո» կենտրոններ:


«Պատմական իրադարձություն է տեղի ունենում: «Թումոյի» արտահանումը Հայաստանից կրթական ոլորտում մեր լավագույն ցուցանիշներից մեկն է», - ասել է նախարարը:

«Կեցցե՛ «Թումոն»: Ցանկանում եմ այստեղ ներկա պատանիներին մաղթել, որ համարձակ լինեն ու ապագայի մասին մտածեն մարդասիրաբար եւ առանց սահմանափակումների», - ասել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

Բացման արարողության ընթացքում գործի են դրվել «Թումո Փարիզի» համար նախագծված «թռչող» թումոբիլները, որոնք նախագծվել են «Թումոյի» ճարտարապետ Բեռնար Խուրիի կողմից: Կենտրոնով շրջայց անցկացնելուց հետո հյուրերը հնարավորություն են ունեցել փորձարկելու թռչող թումոբիլները եւ ծանոթանալու «Թումոյի» կրթական ծրագրին:

«Թումո Փարիզն» անվճար արտադպրոցական կրթություն է ապահովում ավելի քան 1500 ուսանողի համար: Ուսումնական ծրագիրը լիովին ադապտացվել է Փարիզի կենտրոնին եւ թարգմանվել է ֆրանսերեն: