11:31 | 27.09.18 | Նորություններ | 11726

Նորաբաց «Թումո Փարիզում» 1500 պատանի կսովորի

«Թումո»-ի առաջին միջազգային կենտրոնը` «Թումո Փարիզ»-ն իր դռներն է բացել Ֆրանսիայի մայրաքաղաքի պատանիների առաջ:

Կենտրոնի 1500 պատանիների առաջին կեսը «Թումո Փարիզ»-ի կրթական ծրագիրը սկսում է այս տարի, իսկ մյուսը կեսը կենտրոն հաճախել կսկսի հունվարից:

Կենտրոնի բացմանը ներկա է գտնվել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, ով շրջայց է կատարել կենտրոնում` «Թումո»-ի զարգացման հարցերով ղեկավար Բեկոր Փափազյանի ուղեկցությամբ:

«Մենք ճանաչեցինք Հայաստանը` որպես գիտության, տեխնոլոգիաների ու կրթության ոլորտում ավանդույթներ ունեցող երկիր: «Թումո»-ի միջոցով մենք Փարիզի երիտասարդներին տրամադրում ենք ապագայի աշխարհը կերտելու համար անհրաժեշտ բոլոր գործիքները»,- նշել է նա:

Կենտրոնում կրթությունն անվճար է: Ուսումնական ծրագիրը լիովին ադապտացվել է կենտրոնին եւ թարգմանվել ֆրանսերեն: Գրանցված ուսանողների շուրջ մեկ երրորդը ցածր եկամուտ ունեցող ընտանիքներից է, եւ նրանց մոտ 40 տոկոսը աղջիկներ են:

«Թումո Փարիզ»-ը գտնվում է Forum des Images կենտրոնում՝ Փարիզի Les Halles շրջանի կենտրոնական հատվածում: Կրթական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին: