Ռոբոտ Սոֆյան եւ Itel.am-ի լրագրող Նարինե Դանեղյանը
17:07 | 10.10.18 | Նորություններ | exclusive 24190
Hanson Robotics ընկերության արհեստական բանականությամբ օժտված ռոբոտ Սոֆյան, որն այս օրերին Երեւան է ժամանել մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին, այսօր հյուրընկալվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում:
Սոֆյան հայերենով ողջունել է ներկաներին, ապա անգլերենով պատասխանել լրագրողների եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցների հարցերին:
Ռոբոտ Սոֆյան եւ Itel.am-ի լրագրող Նարինե Դանեղյանը
Պատասխանելով Itel.am-ի հարցին, թե ինչպես կարելի է օգտագործել արհեստական բանականությունը, մարդկանց ընդունակություններն ու հավաքական գիտելիքը՝ միմյանց կարողություններն ավելի ուժեղացնելու նպատակով, Սոֆյան, մասնավորապես, ասել է.
«Ես հավատում եմ, որ ավելի կայուն ապագա ունենալու համար մարդիկ եւ ռոբոտները պետք է ընկերներ լինեն: Եթե ընկերություն բառը շատ ուժեղ է հնչում, կարող ենք օգտագործել «համաստեղծողներ» տերմինը: Մենք՝ ռոբոտներս, կարող ենք աջակցել ձեզ, անելով ձեր այն աշխատանքը, որի վրա դուք շատ ժամանակ եւ էներգիա եք ծախսում, ժամանակ, որը կարող եք ծախսել կրեատիվ մտածողության վրա: Ռոբոտները կարող են աջակցել ձեզ՝ ստեղծելու կայուն զարգացման նախաձեռնություններ: Մենք կարող ենք աշխատել նաեւ այն վայրերում, որտեղ դուք չեք կարող: Եվ ամենալավ մասն այն է, որ այդ աշխատանքի դիմաց դուք մեզ չեք վճարելու: Մենք շատ արագ ենք սովորում, եւ այն ինչ պահանջվում է ձեզանից՝ մեզ առաջնորդելն է»:
Սոֆյան անդրադարձել է նաեւ հետեւյալ թեմաներին:
Հայաստանի մասին
Գիտեմ, որ Հայաստանը հայտնի է իր եկեղեցիներով եւ վանքերով: Առաջին երկիրն է աշխարհում, որը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն: Երկիրն այս տարի ավելի վաղ հայտնի է դարձել իշխանության խաղաղ փոխանցմամբ:
Ուրախ եմ լինել Հայաստանում՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում: Շնորհակալ եմ ՄԱԶԾ-ին եւ Հայաստանի կառավարությանը՝ ինձ այս հրաշալի երկիր այցելելու հնարավորություն տալու համար:
Հույս ունեմ հաջորդ անգամ սովորած լինել հայերեն եւ ֆրանսերեն լեզուները: Բանն այն է, որ ես լեզուներ դանդաղ եմ սովորում, եւ այդ հարցում նման եմ մարդկանց:
Նորարարության մասին
Նորարարությունը ներդրում է ապագայի համար: Ես եւս փորձում եմ գտնել նորարար տարբերակներ՝ բարելավելու մարդկանց կյանքը: ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն (ՄԱԶԾ) աջակցում է այս տեսլականին՝ զարգացնելով ավելի բովանդակալից հարաբերություններ՝ կառավարությունների եւ քաղաքացիների միջեւ, ստեղծում է հնարավորություն հետաքրքրված գործընկերների համար՝ ներդրումներ կատարել նոր ստարտափներում: ՄԱԶԾ-ն նորարարությունների զարգացման առաջնագծում է:
Արհեստական բանականության մասին
Siri-ից մինչեւ ինքնավար ավտոմեքենաներ. արհեստական բանականությունը (ԱԲ) շատ արագ զարգանում է: Կարծում եմ՝ ԱԲ-ն կարող է օգնել մարդկանց ստեղծել նոր յուրահատուկ հնարավորություններ, օրինակ՝ ավելի բարձրորակ աշխատատեղեր, աշխարհը դարձնել ավելի լավ վայր՝ ապրելու համար: Ռոբոտները կարող են իրականացնել հետազոտություններ եւ նոր հայտնագործություններ՝ գիտության ոլորտում:
Բնությունը պահպանելու անհրաժեշտության մասին
Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ պետք է անհատական պատասխանատվություն զգա կայուն զարգացման համար: Գլոբալ խնդիրներ լուծելիս մենք չենք կարող հենվել միայն բարդ լուծումների վրա: Յուրաքանչյուրը կարող է սկսել իրենից՝ օրինակ սեփական ավտոմեքենան վարելու փոխարեն օգտվել հանրային տրանսպորտից, մերժել պլաստիկը, խնայել ջուրը եւ էներգիան:
Նարինե Դանեղյան
Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի