11:17 | 01.10.18 | Նորություններ | 10509

D'efekt-ը՝ Seedstars Երեւանի հաղթող

D'efekt ստարտափը, որի մշակած լուծումը հնարավորություն է տալիս արհեստական բանականության կիրառմամբ ստեղծել բազմատեսակ վիզուալ նյութեր եւ կիսվել դրանցով, հաղթել է Seedstars միջազգային մրցույթի հայաստանյան փուլում:

Միջազգային մրցույթում ստարտափը հնարավորություն կունենա իր լուծումը ներկայացնել հնարավոր ներդրողների, գործընկերների դատին եւ պայքարել $1մլն մրցանակի համար։

Հայաստանյան փուլի երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար eSwap (էլեկտրոնային կոմերցիայի կառավարման համակարգ) եւ Breedge (ուսանողներին եւ գործատուներին կապող հարթակ) ստարտափները։

Սեպտեմբերի 29-ին կայացած մրցույթի եզրափակչում մրցել է 10 ստարտափ, որոնք ներկայացրեցին իրենց արտադրանքը միջազգային եւ տեղական մասնագետներից կազմված ժյուրիի անդամներին։ Ժյուրիի անդամները ներկայացված պրոդուկտները գնահատել են մի քանի չափանիշով՝ թիմը, առկա վիճակը, կիրառելիությունը ավելի մեծ շուկայում, ստեղծած արժեքը եւ այլն։

Մրցույթին մասնակցում էին զարգացման նախնական փուլում գտնվող ստարտափներ, որոնք փորձում են լուծել տարածաշրջանային խնդիրներ եւ մշակում են կայուն ու եկամտաբեր պրոդուկտներ գլոբալ շուկայի համար։

Մրցույթի տեղական փուլի գլխավոր գործընկերն է «ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունը։ Միջոցառման կազմակերպման հովանավորն է Ucom ընկերությունը եւ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատունը։ Միջոցառմանն աջակցել են Fast հիմնադրամը, Founders’ Institute Armenia-ն եւ smartgate.vc-ն։

Հիշեցնենք, որ 2017թ. Seedstars-ի երեւանյան հաղթողը Chessify ստարտափն էր: 2016թ. Հայաստանը միջազգային մրցույթում ներկայացրեց Earlyone-ը: 2015թ. մրցույթի հայաստանյան հաղթող EyeCare թիմը հայտնվեց Seedstars World-ի լավագույն տասնյակում: Իսկ 2013թ. SoloLearn-ն ընդգրկվեց Seedstars World-ի լավագույն եռյակում: