12:54 | 28.09.18 | Նորություններ | 15912
Հայաստանում մեկնարկել է մարդկային ռեսուրսների կառավարմանը (ՄՌ) նվիրված տարածաշրջանային յոթերորդ համաժողովը:
Այն կազմակերպվել է Cascade People & Business ընկերության եւ Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի համատեղ ջանքերով եւ կրել «Խաղային մոտեցումներ բիզնեսում կամ արագ նավարկության մրցույթ» խորագիրը:
Միջոցառմանը մասնակցության հայտ էր ներկայացրել շուրջ 200 մասնակից՝ ավելի քան 15 երկրից: Նրանց թվում եղել են ՄՌ ղեկավարներ, գործադիր տնօրեններ, մարզիչներ, խորհրդատուներ եւ այլ շահառուներ՝ տեղական ու միջազգային 60 կազմակերպությունից:
Այս տարի համաժողովը հյուրընկալել է միջազգային ճանաչում ունեցող 25 խոսնակի՝ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղրղզստանից, Ղազախստանից, ԱՄՆ-ից, Ավստրիայից, Գերմանիայից, Ֆիլիպիններից եւ Լեհաստանից: Երկօրյա համաժողովի ընթացքում նրանք ներկայացել են ելույթներով եւ վարպետության դասերով:
«Մարդկային ռեսուրսների դերը յուրահատուկ է եւ չափազանց կարեւոր: Այն ինքնատիպ կամուրջ է ընկերության աշխատակիցների եւ հասարակության միջեւ: Կամուրջ, որտեղ երթեւեկությունն իրականացվում է ոչ թե մեկ, այլ մի քանի ուղղությամբ: ՄՌ կառավարման հիմքում պետք է լինի ճկուն մոտեցումը եւ ապահովումը ոչ միայն աշխատակազմի, այլեւ ընկերության զարգացումը, նպաստի աշխատանքում յուրաքանչյուրի ներգրավվածությունը, ընկերության մրցակցային առավելությունների խթանմանը եւ դառնա արժեհամակարգ»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«GIZ-ի կողմից իրականացվող ՄՀԶ ՄԿՈւ ծրագիրն արդեն երկրորդ անգամն է, ինչ աջակցում է համաժողովի անցկացմանը՝ մարդկային կարողությունների զարգացմանն ուղղված իր միջոցառումների շրջանակում: Այս տարվա թեման շատ կարեւոր եւ արդիական է մեզ համար: Գործելով Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ՝ մեր նպատակներից է աջակցել նորարարական թվային լուծումների ներդրմանը մասնավոր հատվածում՝ այդ ոլորտի կայունությունն ու մրցունակությունն ապահովելու համար: Մենք վստահ ենք, որ այս համաժողովը, որը մի սեղանի շուրջ է համախմբել տեղացի եւ տարածաշրջանային փորձագետների, եւս մեկ շոշափելի քայլ կգրանցի այս ուղղությամբ»,- ասել է ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն:
«Տարածաշրջանային համաժողովը փորձի փոխանակման հիանալի հարթակ է մասնակիցների համար: Յուրաքանչյուր տարվա համաժողովի խորագիրն ընտրվում է անցած տարիների հարցումների հիման վրա: Այս տարվա համաժողովն ամբողջությամբ նվիրված է խաղին եւ բիզնեսում խաղային լուծումներին: Մենք խոսում ենք խաղային լուծումների մասին մեր մասնագիտության շրջանակներում՝ հավաքագրման, խմբային աշխատանքի մեջ, աշխատավայրում, ուսուցման պրոցեսում, մոտիվացիոն համակարգում եւ այլն: Ունենք հիանալի խոսնակներ եւ շատ հետաքրքիր ծրագիր»,- հավելել է Cascade People & Business ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն, Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահ՝ Արփի Կարապետյանը:
Համաժողովի շրջանակում ներկայացվել է Teamification հավելվածը, որը հիմնված է նոր տեխնոլոգիաների վրա եւ մշակվել ու ներդրվել է M.In.D ստարտափի եւ Cascade People & Business ընկերության համատեղ ջանքերով:
Համաժողովի գլխավոր գործընկերներն են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը եւ «ՌԻԲՈԿ» սպորտային ակումբը: Համաժողովին աջակցել են նաեւ «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան» բանկը, «Գերմանիայի միջազգային համագործակցություն» ընկերությունը (GIZ)` «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի հետ միասին, «ՊիքսԱրտ» ընկերությունը, «Հատիք» տպարանը, «Սքիլ Էյ Էմ» ընկերությունը, «Արմենիա Վայն» գործարանը: