16:15 | 28.09.18 | Հարցազրույցներ | exclusive 65721

Seedstars. Մտադիր ենք միավորել Հայաստանի ամբողջ ստարտափ էկոհամակարգը

Սեպտեմբերի 29-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա Seedstars միջազգային մրցույթի հայաստանյան փուլի եզրափակիչը, որի շրջանակում կմրցի 10 ստարտափ:

Մրցույթի տեղական փուլի կազմակերպիչն է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը: Երեւանյան փուլի հաղթողը հնարավորություն կստանա մասնակցելու Շվեյցարիայում կայանալիք Seedstars համաշխարհային մրցույթին, որի հաղթողը կստանա մինչեւ $1 մլն ֆինանսավորում:

Itel.am-ը մրցույթին ընդառաջ զրուցել է Seedstars-ի՝ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի համակարգող Ալինա Ռոզանովայի հետ:

- Seedstars-ն արդեն 5-րդ անգամ է վերադառնում Հայաստան: Ի՞նչ եք ակնկալում տեսնել այստեղ այս անգամ:

- Ակնկալում ենք բազմաթիվ հետաքրքիր ստարտափների հանդիպել: Գիտեմ, որ վենչուրային կապիտալը զարգացում է ապրում այստեղ: Ներդրումներ իրականացնողների թվում են հայկական վենչուրային հիմնադրամներ՝ ԱՄՆ-ից եւ այլ երկրներից: Նրանք աջակցում են տեղական էկոհամակարգի զարգացմանը:

Seedstars-ը փորձում է աշխատել Հայաստանի ստարտափ էկոհամակարգի բոլոր ներկայացուցիչների հետ՝ ձգտելով միավորել նրանց:

Հուսով ենք, որ այս տարի Հայաստանում կհայտնաբերենք այն ստարտափը, որը բարձր մակարդակով կներկայացնի Հայաստանը Seedstars-ի ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մրցույթներում: Հուսով ենք՝ այն կհայտնվի նաեւ գլոբալ համաժողովի ֆինալիստների շարքում եւ հնարավորություն կստանա գլխավոր բեմից ներկայացնել ԱՊՀ եւ Կենտրոնական Ասիա տարածաշրջանը:

Այս տարի գլոբալ համաժողովում տարածաշրջանը ներկայացրել է ուկրաինական մեկ ստարտափ եւ լիահույս ենք, որ 2019թ. տարածաշրջանն ավելի շատ ներկայացուցիչներ կունենա:

- Հաշվի առնելով այն, որ առնչվել եք տարբեր երկրներից բազմաթիվ ստարտափների հետ, ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ ստարտափներն են ավելի մեծ հաջողությունների հասնում Seedstars-ում:

- Իրականում դա կախված է այն մարտահրավերներից, որոնք առկա են տարբեր երկրներում: Seedstars-ը կենտրոնացած է զարգացող տնտեսություն ունեցող երկրների վրա: Մենք ձգտում ենք աջակցել նման երկրների ստարտափներին՝ իրենց երկրներում փոփոխություններ անելու, աշխատատեղեր ստեղծելու հարցերում:

Զարգացող երկրները հիմնականում ունեն նույն խնդիրները եւ աշխատում են նույն մարտահրավերների լուծման ուղղությամբ: Այս տարի գլոբալ մրցույթի հաղթողը Գանայից էր եւ ներկայացրել էր հարթակ, որն օգնում է ֆերմերներին առանց միջնորդի վաճառել իրենց պրոդուկտները սպառողներին: Ավելի վաղ համանման խնդիր լուծող ստարտափի հանդիպել էի Մոնղոլիայում, քանի որ նույն մարտահրավերն առկա էր նաեւ այդ երկրում: Ավելի ուշ, նույն խնդրի ականատեսը դարձա նաեւ Ուկրաինայում՝ Դնեպրում: Ստացվում է, որ այդ երեք երկրներում մարտահրավերներն իրար նման են:

Մարդիկ իսկապես ցանկություն ունեն՝ գտնել ցավոտ խնդիրների լուծումները, եւ հենց դա է ներկայիս միտումը: Այստեղ էականը տեխնոլոգիան չէ: Այո, կրիպտոարժույթները, բլոկչեյնը, արհեստական բանականությունն (ԱԲ) այսօր թրենդներ են, բայց դրանք ուղղակի տեխնոլոգիաներ են, որոնց օգտագործմամբ կարող եք իրական խնդիրներ լուծել:

- Անցած տարի հայաստանյան եզրափակչում հաղթած ստարտափ Chessify-ն, օրինակ, եւս հիմնված էր արհեստական բանականության լուծման վրա:

- Այո, այն շախմատի եւ արհեստական բանականության շատ լավ համադրություն է: Գիտեմ, որ հայերը շախմատից շատ ուժեղ են: Հույս ունենք Հայաստանում հանդիպել բազմաթիվ ԱԲ մասնագետների, քանի որ տեղեկացված եմ, որ արհեստական բանականության լուծումների մշակմամբ այստեղ շատերն են զբաղվում:

Մի շարք այլ երկրներում տեղյակ ենք ԱԲ լուծումների հիման վրա մշակվող նախագծերի մասին, որոնք նման մասնագետների պահանջարկ ունեն, եւ մենք ցանկանում ենք փոխկապակցել տարբեր երկրներ:

- Ո՞ր սխալներն են ամենաշատը հանդիպում տարածաշրջանի ստարտափների մոտ:

- Առաջին խնդիրն անգլերենի իմացության պակասն է: Երբեմն կան շատ լավ նախագծեր, դրանց վրա հիանալի թիմ է աշխատում, բայց չեն կարողանում իրենց ասելիքը տեղ հասցնել՝ վատ անգլերենի պատճառով:

Մեկ այլ սխալ, որը տարածված է ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ ամբողջ աշխարհում. երբեմն ստարտափներն ընտրում են մեկ նեղ ուղղության եւ չեն մտածում իրենց տեխնոլոգիան այլ ոլորտներում եւս կիրառելու մասին: Ստեղծում են հիանալի տեխնոլոգիա, որն իրականում կարելի է օգտագործել՝ լուծելու շատ ավելի մեծ մարտահրավերներ:

Մյուս խնդիրը հատուկ է զարգացած տնտեսություն ունեցող հարեւաններով շրջապատված երկրներին: Այդ երկրների ստարտափները չեն նայում իրենց երկրի սահմաններից դուրս եւ կենտրոնանում են միայն լոկալ շուկայի վրա: Խորհուրդն այն է, եթե նայեք այլ տարածաշրջանների, կգտնեք երկրներ, որոնք ունեն նույն խնդիրները, որոնք դուք ձեր պրոդուկտի միջոցով փորձում եք լուծել սեփական երկրում: Այդ երկրներում ձեր տեխնոլոգիան հնարավոր է կիրառել: Ի՞նչ է պահանջվում ձեզանից՝ ձեր կայքում ավելացնել մի քանի լեզու կամ էլ պարզապես անգլալեզու կայք ունենալ եւ առաջ շարժվել:

Եթե դուք լավ ծրագրավորող եք, չեք կարող միաժամանակ լինել ձեռներեց: Այո, պետք է հասկանալ պրոդուկտի տեխնոլոգիան, սակայն միաժամանակ պետք է կարողանալ շփվել մարդկանց հետ, ներկայացնել ձեր պրոդուկտը: Ահա թե ինչու մեր թիրախում ստարտափների հիմնադիրներն ու գործադիր տնօրեններն են: Սա ոչ թե այն պատճառով է, որ մեզ հետաքրքիր չեն ծրագրավորողները, այլ որովհետեւ հարկավոր է բաժանել պարտականությունները եւ հասկանալ, թե ով ինչի համար է պատասխանատու:

- Վաղը Երեւանում կայանալու է մրցույթի եզրափակիչը: Ի՞նչ խորհուրդ կտաք ներկայանալ պատրաստվող 10 ստարտափներին:

- Մի՛ վախեցեք ձախողելուց, որովհետեւ մենք բոլորս սովորում ենք մեր սխալների վրա: Եթե ինչ-որ բան սխալ է գնում, ուղղակի շարունակե՛ք աշխատել: Փիչի ժամանակ մի՛ մոռացեք խոսել այն մասին, թե ինչի կարիք ունի ձեր ստարտափը՝ աճելու համար: Կարող եք խնդրել ներդրում, խորհուրդ, մասնագետներ կամ մենթորներ:

Հույս ունենք սեպտեմբերի 29-ին ինտենսիվ եւ բեղմնավոր միջոցառում ունենալ: Այդ իսկ պատճառով հրավիրում ենք էկոհամակարգի ներկայացուցիչներին ներկա գտնվել միջոցառմանը: Նաեւ ուրախ կլինենք, եթե փիչինգին ներկա լինեն երիտասարդ ստարտափներ. դա լավ հնարավորություն է նրանց համար՝ լսելու այլ ստարտափների, ժյուրիի հարցերը եւ հասկանալու, թե ինչին պետք է պատրաստ լինեն:

Ալինա Ռոզանովայի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը