13:18 | 17.09.18 | Նորություններ | 14203

Ucom-ի աջակցությամբ կայացել է Ռոբոտների հայաստանյան 11-րդ առաջնությունը

Սեպտեմբերի 16-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում կայացել է Ռոբոտների հայաստանյան 11-րդ առաջնությունը, որի շրջանակում մրցել է արգելքներ հաղթահարող եւ լաբիրինթոսից ելք գտնող 42 ռոբոտ՝ ՀՀ բոլոր մարզերից եւ Արցախից:

Ռոբոտների հայաստանյան 11-րդ առաջնության մասնակիցները 10-ից 18 տարեկան են եւ հիմնականում ներկայացրել են «Արմաթ» համահայկական կրթական ցանցը: Ռոբոտները ստեղծվել են շուրջ երկու ամսում եւ փորձարկվել մրցույթից մեկ օր առաջ տեղի ունեցած հաքաթոնում:

«Այս մրցույթի առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ մասնակիցները ռոբոտների դետալների ու կցամասերի մեծ մասը պատրաստել են եռաչափ տպիչների ու շաղափային հաստոցի միջոցով: Ինքնուրույն են պատրաստել նաեւ տպասալիկները (պլատա), գրել մրցույթի պահանջների համապատասխան կոդը եւ այլն: Մենք չափազանց ոգեւորված ենք, որ պատանի սերունդը ինժեներական միտքը զարգացնելով՝ իր սեփական լուծումներն է ստեղծում ու ինքնուրույն ստեղծագործում. նրանք մեր ապագան են, մեր ապագա հերոսները»,- նշել է մրցույթի կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Բազմիցս շեշտել ենք, որ Ucom ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության մեջ առանցքային նշանակություն ունեն այն բոլոր նախագծերը, որոնք կապված են ինժեներական մտածողության, ծրագրավորման եւ ռոբոտաշինության հմտությունների զարգացման հետ։ Մենք ուշադիր հետեւում ենք, որ այս պատանիները ոչ միայն մասնագիտական հիմնավոր գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերեն, այլեւ հնարավորություն ունենան դրանք ցուցադրելու, հասկանալու իրենց ուժեղ եւ թույլ կողմերը, շտկելու թերությունները եւ դառնալու ապագայի մեծ բիզնեսների նորագույն սերունդը»,- ասել է Ռոբոտների 11-րդ առաջնության գլխավոր հովանավոր՝ Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Մրցույթի հովանավոր՝ Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյան էլ հավելել է, որ նման մրցույթներն անփոխարինելի հարթակ են, որտեղ երեխաները ցուցադրում են իրենց կարողությունները ռոբոտաշինության ասպարեզում:

42 թիմերի ներկայացուցիչներն իրենց ստեղծած ռոբոտները ներկայացրել են հանրությանն ու մասնագիտական ժյուրիի անդամներին:

Խրախուսական մրցանակի են արժանացել Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները: Երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Արցախի ՏՏ կենտրոնի թիմը, երկրորդը՝ Սեւանի ավագ դպրոցի արմաթցիների թիմը:

Հաղթող են ճանաչվել Գյումրու ՀԱՊՀ «Արմաթ» թիմի սաները: Լավագույնների եռյակը դրամական պարգեւի է արժանացել Ucom ընկերության եւ Վորլդ Վիժն Հայաստանի կողմից: Գյումրու ՀԱՊՀ թիմի անդամները մրցույթի գլխավոր հովանավոր Ucom ընկերության կողմից պարգեւատրվել են նաեւ բջջային հեռախոսներով:

Արգելքներ հաղթահարող եւ լաբիրինթոսից ելք գտնող ռոբոտների մրցույթի նպատակն է ներգրավել պատանիներին ռոբոտաշինության, ավտոմատացման ու տարբեր IoT (Internet of things) սարքերի ստեղծման գործընթացներում, խրախուսել վերջիններիս, ինչպես նաեւ ներկայացնել հանրությանը ոլորտի զարգացման անհրաժեշտությունն ու համաշխարհային տեխնո տենդենցներին մոտենալու ճանապարհները:

«ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման եւ աջակցման ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2008թ.-ից՝ ԱՏՁՄ-ի կողմից: