10:29 | 17.09.18 | Նորություններ | 10980

Beeline-ի աշխատակիցները մասնակցել են Համաշխարհային մաքրության օրվա աշխատանքներին

Հայաստանում Beeline-ի թիմը՝ գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի ղեկավարությամբ, Համաշխարհային մաքրության օրվա (World Cleanup Day) շրջանակում մաքրել է Մանկական երկաթուղուն հարող տարածքը։

Սեպտեմբերի 15-ին, ինչպես աշխարհի 150 այլ երկրներում, Հայաստանի բնակիչները միավորվել էին՝ իրենց երկիրն աղբից ազատելու համար։ Հայաստանում Beeline-ը կամավորներին տրամադրել է աղբի տոպրակներ՝ աղբը հավաքելու եւ տեսակավորելու համար, ինչպես նաեւ միացել է շարժմանն իր թիմով։

«Յուրաքանչյուր կամավոր, որ այսօր դուրս է եկել փողոց, կարեւորագույն գործ է անում, քանի որ այս ակցիայի նպատակը մեկ անգամ շաբաթօրյակ անցկացնելը չէ, այլեւ աղբի գրագետ տեսակավորումն ու շրջակա միջավայրի մասին հոգ տանելն է։ Մենք՝ լինելով պատասխանատու ընկերություն չէինք կարող անմասն մնալ այս միջոցառմանը եւ այսօր բավականին բարդ տարածք ենք ընտրել մաքրելու համար։ Այստեղ մեր փոքրիկներն են գալիս զբոսնելու, եւ այս հանգամանքը ոգեւորել է մեր աշխատակիցներին, ովքեր նաեւ ներգրավել են իրենց ընտանիքներին»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հայաստանում Համաշխարհային մաքրության օրվա անցկացումը նախաձեռնել է Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի կամավորների մի խումբ։ Ամբողջ երկրում շարժմանը պաշտոնապես միացել է 10 հազ. հոգի եւ ավելի քան 150 գործընկեր կազմակերպություն՝ ընկերություններ, հիմնադրամներ եւ պետական կառույցներ։

Նշենք, որ Հայաստանում Beeline-ը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում բնապահպանական խնդիրները եւ ձգտում է իր առօրյա աշխատանքում հնարավորինս կիրառել կանաչ տեխնոլոգիաներ։ Մասնավորապես, ընկերությունը նախապատվություն է տալիս էներգաարդյունավետության բարձր դաս ունեցող սարքավորումներին եւ Open Space տարածքներում կիրառում է տարանջատված աղբամաններ՝ թղթի, պլաստիկի ու ապակու համար։