12:55 | 01.08.18 | Նորություններ | 5047

Հայաստանի լայնաշերտ ինտերնետի արագությունն ամենադանդաղն է Եվրոպայում

Բրիտանական Cable կայքի հրապարակած վարկանիշի համաձայն, Հայաստանն ամենադանդաղ լայնաշերտ ինտերնետի արագություն ունեցող եվրոպական երկիրն է:

«Լայնաշերտ ինտերնետի արագության 2018թ.» վարկանիշում Հայաստանը 200 երկրների շարքում զբաղեցնում է 107-րդ հորիզոնականը: Անցած տարվա վարկանիշում Հայաստանն 92-րդն էր:


«Եվրոպան աշխարհում ամենախիտ տարածաշրջանն է, որտեղ երկրներն ունեն արագ կամ գերարագ լայնաշերտ ինտերնետ: Մեր կողմից դիտարկված Եվրոպայի տարածաշրջանի 53 երկրները, բացի Հայաստանից, աշխարհի ամենաարագ ինտերնետ ունեցող 100 երկրների թվում են: Շվեդիան Եվրոպայի ամենաարագ ինտերնետով երկիրն է, իսկ Հայաստանը՝ ամենադանդաղը, որտեղ միջին արագությունը կազմում է 3.94Մբ/վ»,- նշել են վարկանիշի հեղինակները:

Վարկանիշի առաջին հորիզոնականում Սինգապուրն է, որին հաջորդում են Շվեդիան, Դանիան եւ Նորվեգիան: Վրաստանը 77-րդն է, Ադրբեջանը՝ 135-րդը, Իրանը՝ 145-րդը, Ռուսաստանը՝ 47-րդը, Թուրքիան՝ 91-րդը:  


Վարկանիշը կազմելիս մասնագետները հաշվարկել են, թե որքան ժամանակ կպահանջվի տվյալ երկրում առկա ինտերնետի միջին արագությամբ 5 գիգաբայթ ծավալով ֆիլմ ներբեռնելու համար:  

Զեկույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ: