11:25 | 16.04.15 | Հոդվածներ | exclusive 6757

Demo Day-ին ընդառաջ. Penny-ն կօգնի գումար խնայել

Տարեսկզբին «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» (ՄԻԿ) հիմնադրամը կազմակերպել էր «ՄԻԿ աքսելերացիա» ծրագիրը, որին մասնակցում էր տեղական 7 ստարտափ:

2015թ. ապրիլին կկայանա «ՄԻԿ Աքսելերացիա» ծրագրի «Դեմո օրը» (Demo Day), որի ընթացքում թիմերը կներկայացնեն վերջին ամիսների իրենց աշխատանքի արդյունքները հայ եւ արտասահմանցի ներդրողներին ու ձեռներեցներին:

«Դեմո օրվա»-ն ընդառաջ ՄԻԿ Հայաստանը եւ Itel.am-ը հաջորդաբար կներկայացնեն 7 ստարտափների զարգացման պատմությունը:

Penny. Մոբայլ հավելվածը կօգնի մարդկանց խնայել գումարը եւ կառավարել այն:
Լևոն Արքելաթյանի, Հարություն Առաքելյանի եւ Հայկ Բալույանի ստեղծած հավելվածն առաջնորդվում է «Խնայողությունը սկսվում է մեկ լումայից» կարգախոսով:

«Ես էությամբ խնայող մարդ եմ, եւ ինձ համար բարդ չէ կառավարել իմ բյուջեն եւ կատարել որոշակի խնայողություններ։ Սակայն իմ ընկերներից շատերը չեն կարողանում խնայել, նույնիսկ շատ գումար ունենալու դեպքում։ Իմ կատարած փոքր հետազոտությունը ցույց տվեց, որ խնայողությունը հատկապես ԱՄՆ-ում, իրական խնդիր է «միլենիաների» (մարդիկ, որոնք ծնվել են 1980-2000 թթ․) շրջանում»,- պատմում է Հարություն Առաքելյանը:

2014թ․ դեկտեմբերին, ցանկանալով ՏՏ լուծում գտնել այս խնդրին, Հարություն Առաքելյանն առաջարկում է Լեւոն Արքելաթյանին՝ համատեղ դիմել «ՄԻԿ աքսելերացիա» ծրագրին։

Ներկայում Penny հավելվածը հիմնականում մշակված է: Բետա տարբերակի թողարկումը նախատեսվում է աշնանը ԱՄՆ-ում:

«Օգտատերն ուղղակի պետք է հավելվածին կցի իր բանկային կամ քարտային հաշիվը, որոնց հիման վրա Penny-ն կառաջարկի խնայողության հնարավոր եղանակները՝ հիմնվելով օգտագործողի կատարած ծախսերի վրա: Նմանատիպ մյուս հավելվածներից տարբերվելու ենք նրանով, որ բանկային ոչ մի տվյալ՝ բացառությամբ մուտքանունից եւ գաղտնաբառից, տրամադրելու կարիք չի լինի: Ամեն ինչ կատարվելու է ավտոմատ եղանակով»,- նշում է Լեւոն Արքելաթյանը:

Հավելվածի հեղինակների խոսքով՝ ՄԻԿ-ի իրականացրած ծրագրի շնորհիվ իրենց ստարտափը հնարավորություն է ստացել ծանոթանալու հայ եւ արտասահմանցի բազմաթիվ մենթորների եւ մասնագետների հետ, զարգացնել ՏՏ հմտությունները, ինչպես նաեւ ձեռնարկատիրական ու բիզնես մտածելակերպը։

«Մինչ այս ծրագիրը մենք մտածում էինք միայն հավելվածի տեխնիկական կողմի մասին:  Ծրագրի շնորհիվ հասկացանք, որ շատ կարեւոր է անել նաեւ շուկայական հետազոտություն, տարբեր ոլորտների մասնագետների հետ կիսվել մեր ունեցած գաղափարով և լսել նրանց կարծիքը։ Գտնում ենք, որ այդ բաղադրիչներն են ծրագրի հաջողության գրավականը»,- ընդգծում է Լեւոն Արքելաթյանը: 

«Ցավոք, Հայաստանի բնակչությունն իր գնումները բանկային քարտի միջոցով չի կատարում, այդ իսկ պատճառով մենք հավելվածը ստեղծում ենք ամերիկյան շուկայի համար»,- իր հերթին նշում է Հարություն Առաքելյանը։

Հիշեցնենք, որ Penny-ն վերջերս Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի «Նորարարության զարգացման համաֆինանսավորվող մրցույթ»-ի շրջանակում ստացել է $20 հազ. դրամաշնորհ:

Թիմն առաջիկայում մտադիր է դիմել նաեւ Barclays եւ Techstars ընկերությունների կողմից համատեղ իրականացվող Fintech աքսելերացիայի ծրագրին։