14:14 | 12.07.18 | Նորություններ | 16434
Երեւանի պետական համալսարանը եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ (ՁԻՀ) Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի (PMI) աջակցությամբ, ներկայացրել են «Տվյալների գիտությունը բիզնեսում» համատեղ մագիստրոսական ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում լավագույն 10 ուսանողները հնարավորություն կստանան անվճար բարձրագույն կրթություն ստանալ 2017-2019 եւ 2018-2020թթ. շրջափուլերին։
Ցանկացողները կարող են դիմել մագիստրոսական ծրագրին մինչև օգոստոսի 24-ը:
ISTC Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում կայացած կրթաթոշակների հանձնման արարողությանը մասնակցել են Ֆիլիպ Մորրիսի, ՁԻՀ-ի, ԵՊՀ-ի եւ այլ բուհերի ներկայացուցիչները:
2017-2019 շրջափուլի 10 լավագույն ուսանողներն արժանացել են կրթաթոշակի եւ հնարավորություն ստացել ՁԻՀ-ի կողմից տրամադրվող ռեսուրսների կիրառմամբ շարունակել ուսումնասիրություններն իրենց ոլորտում, որը ներառում է մեծածավալ տվյալների վերլուծություն, մեքենայական ուսուցում, տվյալների կառավարում:
Ֆիլիպ Մորրիս Արմենիայի կորպորատիվ հարցերի, գիտական ներգրավման ու ինովացիաների գծով կառավարիչ Վահե Դանիելյանը նշել է, որ ընկերությունը հավատում է ՀՀ տեխնոլոգիական եւ գիտական ապագային, հետեւաբար չէր կարող անմասն մնալ այս նախաձեռնությունից:
«Այս ծրագրի հետեւում կանգնած է արտադրական տեխնոլոգիական հսկա, որը փորձում է ձեզ տանել տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ։ Մագիստրոսական ծրագրի գործընթացում ձեր հետ ենք լինելու եւ փորձելու ենք ձեզ ուղղորդել նաեւ մեր արտադրական գիտելիքներով, մեր արտադրական մշակույթով, մեր գիտական մշակույթով, որն ուղղակի կապ ունի արտադրության հետ։ Մեզ համար կարեւոր է, որ ուսանողներն ընդունվելուց ցույց տան ոչ միայն իրենց լավագույն գիտելիքները, այլ ամեն տարի նաեւ ապացուցեն իրենց մրցունակությունը»,- նշել է նա:
Վահե Դանիելյանն ընդգծել է, որ կրթաթոշակի են արժանանում լավագույններից լավագույնները:
«Այս տարի 16 ուսանողներից 10-ը ստանում են կրթաթոշակ: Հաջորդ տարվա համար առաջին կուրս ընդունված 20 ուսանողներից 10-ը կստանան ֆինանսավորում: Գաղափարն այն է, որ ուսանողներն ամեն տարի ապացուցեն իրենց մրցունակությունը՝ իրենց համար անվճար կրթություն ապահովելու նպատակով»,- նշել է նա:
Դանիելյանը հավելել է, որ գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու ճանապարհին սա չի լինելու Ֆիլիպ Մորրիսի միակ նախաձեռնությունը, եւ որ ապագայում նախատեսվում է նաեւ համագործակցություն տարբեր բուհերի լավագույն ֆակուլտետների հետ, ինչպես նաեւ աջակցություն ասպիրանտական ծրագրերին:
Ֆիլիպ Մորրիս Արմենիայի գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովան ընդգծել է, որ գիտությամբ զբաղվող մարդիկ տնտեսության զարգացման հիմնաքարն են:
«Ուզում եմ նշել, որ Ֆիլիպ Մորրիսն այսօր փորձում է ստեղծել ամբողջական համակարգ՝ մագիստրոսական, ասպիրանտական եւ հետազոտական ծրագրեր: Դա նշանակում է, որ ուսանողը, որը ցանկանում է բարձրացնել իր որակավորումը գիտության ոլորտում, կարող է սկսել մագիստրոսական ծրագրից: Միաժամանակ, ոլորտում արդեն իսկ աշխատող տաղանդավոր գիտնականները նույնպես մոռացության չեն մատնվի»,- նշել է նա:
Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի ապրանքագիտական եւ մտավոր սեփականության գծով տնօրեն Լուկա Ռոսսիի խոսքով՝ ուսումնասիրել են Հայաստանի հնարավորությունները եւ հայտնաբերել մեծ ներուժ ֆիզիկայի, մաթեմատիկայի, վիճակագրության եւ տվյալագիտության ուղղություններում: ԵՊՀ-ում գործող նորարարական ծրագրին ծանոթանալու արդյունքում էլ ընկերությունը որոշել է իր ներդրումն ունենալ վերջինիս զարգացման գործում:
«PMI-ն անցնում է իր սեփական տեխնոլոգիական փոխակերպման միջով, որպեսզի ստեղծի սիգարետը փոխարինող առանց ծուխ նորարարական արտադրանք։ Եվ մենք կարեւորում ենք կրթական ծրագրերի աջակցման եւ տաղանդների զարգացման կարեւորությունը, մասնավորապես Հայաստանի նման տեխնոլոգիական երկրում»,- նշել է Լուկա Ռոսսին:
ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանն էլ շնորհակալություն է հայտնել գործընկերներին եւ ընդգծել, որ նախաձեռնությունը չի սահմանափակվում միայն ֆինանսական աջակցությամբ, այլ հանդիսանում է մեծ էկոհամակարգի զարգացման բաղադրիչ:
ԵՊՀ-ի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավար Ռուբեն Գեւորգյանն էլ կարծիք է հայտնել, որ ՏՏ-ում անընդհատ նոր ուղղություններ են հայտնվում, եւ կրթական համակարգը պետք է կարողանա օպերատիվ կերպով արձագանքել առաջացող մարտահրավերներին:
«Առանց բիզնեսի աջակցության դա շատ բարդ է: Մեր մագիստրոսական ծրագիրը այդպիսի օրինակ է, երբ բիզնեսը եւ կրթական համակարգը կարողացան համագործակցել: Սա կբերի նրան, որ կունենանք որակյալ կրթական ծառայություններ մատուցելու հնարավորության»,- նշել է Ռուբեն Գեւորգյանը:
Ֆիլիպ Մորիս Արմենիան 2017թ. փոխըմբռնման հուշագրեր էր կնքել ՀՀ կառավարության, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) եւ Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) հետ, որի շրջանակում աջակցելու է կրթական եւ գիտական նախագծերին, ներառյալ՝ մագիստրոսական եւ ասպիրանտական գիտական ծրագրերին։
Հավելյալ նյութերը սոցիալական կայքերում հասանելի են #DataSciencePMI հեշթեգով որոնում կատարելիս։