11:03 | 09.07.18 | Նորություններ | 13547

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ կանաչ միջոցառումներ են իրականացվել

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործակցության արդյունքում էլեկտրական հեծանիվների լիցքավորման արեւային կայաններ են ստեղծվել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) երկրորդ անտառակայանի եւ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի տարածքում:

«Արեւորդի» հասարակական կազմակերպության «Կանաչ շարժունակություն» նախագծով կառուցված հեծանվակայանները զինված են արեւային վահանակներով եւ մարտկոցներով: Հեծանիվները լիցքավորվելու են բացառապես արեւային էներգիայով՝ կանխելով մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումը։ Ծրագրի կարեւոր մյուս նպատակը էկո-տուրիզմի զարգացումն է։

Կանաչ միջոցառումների շարքում գործարկվել է նաեւ արեւային ջրատաքացուցիչ համակարգ՝ Արարատի մարզի Շաղափ գյուղում գտնվող «Հօլանի» բնամթերքի մշակման արտադրամասում: Բնապահպանական բաղադրիչով ջրատաքացուցիչը թույլ կտա արտադրամասն ապահովել մշտական տաք ջրով՝ առանց արտանետումների տաքացնելով մինչեւ 300 լիտր ջուր: «Հօլանի»-ն սոցիալական նպատակ հետապնդող ձեռներեցություն է։ Հասույթը ներդրվում է Ուրցաձոր համայնքային փնջի տնտեսական եւ սոցիալական զարգացման գործում՝ նպաստելով աղքատության կրճատմանը։

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR) աշխատանքների արդյունավետության բարձրացման նպաստելու համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անձնական աջակցությամբ ձեռք է բերվել հրդեհաշիջման աշխատանքներին հարմարեցված եւ տեխնիկական անհրաժեշտ միջոցներով կահավորված լիաքարշակ 2 մեքենա: Դրանցում կան նաեւ անտառապահների համար նախատեսված աշխատանքային գործիքներ՝ դաշտային աշխատանքները կազմակերպելու համար։ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանին նվիրաբերված մեքենաներն օգտագործվելու են արագ արձագանքման նպատակով՝ անտառային հրդեհների դեպքում։

Մեքենաների ձեռքբերմանն աջակցել են նաեւ Բնության պահպանության միջազգային միության Նիդերլանդների կոմիտեն (IUCN NL) եւ բրիտանական Համաշխարհային հողային միավորում (WLT) կազմակերպությունը։

«Եթե յուրաքանչյուրը սկսի ավելի խորն ընկալել, թե որքան կարեւոր է բնապահպանությունը, լրջորեն կնպաստի իր եւ սերունդների առողջ ապրելակերպին: Կանաչ տեխնոլոգիաներն անչափ կարեւոր են եւ ոչ այն պատճառով, որ դրանք նորաձեւ են համարվում: Ամբողջ աշխարհում, մարդկությունն արդեն իսկ սկսել է նախընտրել կանաչ մտածողությամբ կենցաղավարությունը, քանի որ գիտակցում է հակառակ տրամաբանության վնասները: Մենք եւս այդ մտածողության կրողներն ենք եւ ավելի քան 10-ը տարի, մեր գործընկեր կազմակերպության հետ, ձգտում ենք հնարավորինս առաջնորդվել այդ սկզբունքով: Ուրախ եմ արձանագրել, որ իրականացվող ծրագրերը կարեւոր դեր են ունենալու մաքուր միջավայրի ստեղծման, ինչպես նաեւ համայնքի ու էկոտուրիզմի զարգացման գործում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հեծանվակայանում հնարավոր է վարձակալել էլեկտրական հեծանիվ կամ լիցքավորել դրանք։ «Կանաչ շարժունակություն» ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աջակցությամբ՝ «Արեւորդի» հասարակական կազմակերպության կողմից։ Նախագծի նպատակը ջերմոցային գազերի արտանետումները բացառող այլընտրանքային փոխադրամիջոցի՝ էլեկտրական հեծանիվների կիրառման տարածումն է: