09:12 | 29.06.18 | Նորություններ | 9527

Կայացել է Թումո Փարիզ կենտրոնի պաշտոնական ներկայացումը

Հունիսի 28-ին Փարիզում տեղի է ունեցել Թումո Փարիզ կենտրոնի հանրային պաշտոնական ներկայացումը՝ քաղաքապետ Անն Իդալգոյի եւ Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի մասնակցությամբ:

Միջոցառման ընթացքում հայտարարվեց, որ Թումո Փարիզի աշխատանքը կմեկնարկի սեպտեմբերի 25-ից՝ տեղակայվելով Forum des Images կենտրոնում՝ Փարիզի Les Halles շրջանի կենտրոնական հատվածում:

Թումո Փարիզը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի առաջին միջազգային կենտրոնն է: Այն անվճար կրթություն կապահովի 12-ից 18 տարեկան շուրջ 1 500 պատանու:

Կենտրոնում ուսանողները հնարավորություն կունենան ուսումնասիրելու բազմաթիվ ոլորտներ, այդ թվում` ֆիլմերի ստեղծում, ծրագրավորում, անիմացիա, գրաֆիկական դիզայն, խաղերի ստեղծում, եռաչափ մոդելավորում, նկարչություն եւ երաժշտություն:

Թումո Փարիզը գտնվում է Ֆրանսիայի ամենամեծ կենտրոնական կայարանին կից, եւ ըստ քաղաքապետ Անն Իդալգոյի` այն կդառնա երիտասարդության հաղորդակցման խաչմերուկ, որտեղ նրանք ոչ միայն կուսումնասիրեն նոր հմտություններ, այլ նաեւ իրականություն կդարձնեն իրենց ամենաստեղծագործ գաղափարներն ու թվային փորձարկումները:

Կենտրոնի բացման նախաձեռնությունը մեկնարկեց դեռ 2016 թվականին, երբ Թումո Երեւան իր այցի ժամանակ Անն Իդալգոն եւ Մարի Լու Փափազյանը Փարիզում կենտրոն բացելու պայմանավորվածություն ձեռք բերեցին:

Հուլիսի 3-ին փարիզյան կենտրոնին վերջերս միացած աշխատակիցները Ֆրանսիայից կժամանեն Թումո Երեւան` սկսելու վերապատրաստման հագեցած ծրագիր։

«Թումո Փարիզի բացումը մեզ համար շատ կարեւոր իրադարձություն է», ասաց Մարի Լու Փափազյանը: «Այս քայլով մեկնարկում է մեր միջազգային տարածումը, որը թույլ կտա Թումոյի կրթական նոր մեթոդները հասանելի դարձնել միջազգային հանրությանը՝ միեւնույն ժամանակ ապահովելով Հայաստանում 25 Թումո կենտրոններ բացելու համար անհրաժեշտ ֆինանսական եւ մարդկային ռեսուրսները»: