12:34 | 18.06.18 | Armenia Startup Academy-ի շրջանավարտները | exclusive 77691
Մայիսի 30-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն երկրորդ շրջանի ստարտափների դեմո օրը, որի շրջանակում 12 ստարտափ է ներկայացել:
Itel.am-ն առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի երկրորդ շրջանավարտներին:
Adv Portal ստարտափը մշակել է աշխատանքային գործընթացը համակարգող առցանց հարթակ՝ արտաքին գովազդային վահանակներ ունեցող կազմակերպությունների եւ արտաքին գովազդային արշավներ կիրառող կազմակերպություններ համար։
Հարթակը հնարավորություն է տալիս բիզնեսի երկու կողմերին կազմակերպել իրենց աշխատանքային գործընթացն առցանց, առավել պարզեցված եւ արդյունավետ համակարգի միջոցով։
Itel.am-ի հետ զրույցում ստարտափի հիմնադիրներ Լիանա եւ Ռոբերտ Դավոյանները նշել են, որ նմանատիպ հարթակներից տարբերվում են նրանով, որ չեն հանդիսանում բիզնեսի շահառու կողմ:
«Դա նշանակում է, որ հարթակում բոլոր կազմակերպություններն ունեն հավասար հնարավորություններ իրենց առաջարկներով ներկայանալու համար։ Բացի այդ, մեր հարթակը հնարավորություն է տալիս արտաքին գովազդային վահանակներ ունեցող կազմակերպություններին ունենալ առանձնացված ենթադոմեյն՝ անհատական վաճառքներ իրականացնելու համար, իսկ արտաքին գովազդային արշավներ կիրառող կազմակերպություններին՝ առանձին ենթադոմեյն՝ իրենց արշավները կազմակերպելու եւ կառավարելու նպատակով»,- պարզաբանել են Adv Portal-ի հիմնադիրները:
Նրանք նշել են, որ հետագայում նախատեսում են մի շարք նորարարություններ՝ հիմնված տվյալների պահպանման եւ նպատակային կիրառման վրա։
Armenia Startup Academy-ի ծրագրին մասնակցելն օգնել է ստարտափին զարգացնել իր բիզնես գաղափարը, ստեղծել կայուն հիմք հետագա զարգացման եւ ընդլայնման համար։
Առաջիկա երեք ամիսների ընթացքում Adv Portal-ը նախատեսում է զարգացնել հարթակը թեստավորման փուլին աջակցող կազմակերպությունների օգնությամբ։
«Մոտ ապագայում արդեն կլինեն գործնական պայմանագրեր թիրախային կազմակերպությունների հետ։ Հաջորդ տարվա երկրորդ եռամսյակում նախատեսում ենք մուտք գործել ռուսաստանյան շուկա»,- եզրափակել են ստարտափում:
Armenia Startup Academy-ն Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։
Այն իրականացվում է Եվրոպական Միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միություն EU4Business եւ EU4Innovation նախաձեռնությունների մաս է:
Նարինե Դանեղյան