09:17 | 15.06.18 | Armenia Startup Academy-ի շրջանավարտները | exclusive 76696
Մայիսի 30-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն երկրորդ շրջանի ստարտափների դեմո օրը, որի շրջանակում 12 ստարտափ է ներկայացել:
Itel.am-ն առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի երկրորդ շրջանավարտներին:
ForestBerg-ն անտառների խելացի մոնիթորինգի համակարգ է, որը թույլ է տալիս պաշտպանել անտառները հրդեհներից, ապօրինի ծառահատումներից եւ որսից։
Ստարտափի հիմնադիրներն են Մարիամ Ստեփանյանը եւ Ալբերտ Ամիրբեկյանը։
Itel.am-ի հետ զրույցում նրանք պատմել են, որ գաղափարն առաջացել է համատեղ արշավի ժամանակ, երբ հայտնաբերել են մեծաքանակ ապօրինի ծառահատումներ:
Թիրախում են կառավարությունները, մասնավոր անտառատերերը եւ բնապահպանական ՀԿ-ները:
«Մենք ամեն հեկտարը մեկ տեղադրում ենք սենսորներ, որոնք շրջակա ձայների ձայնագրությունն անընդհատ ուղարկում են սերվեր, որտեղ, մեքենայական ուսուցման ալգորիթմների շնորհիվ, այդ ձայներում ծառահատման կամ որսի ձայներ հայտնաբերելիս ահազանգում են պատկան մարմիններին՝ հաղորդելով տվյալ տեղամասի կորդինատները»,- բացատրել են ստարտափում:
Շուկայում, հիմնադիրների խոսքով, ForestBerg-ի նման պրոդուկտ դեռեւս չկա.
«Սակայն որպես անուղղակի մրցակիցներ համարվում են դրոնների եւ արբանյակների օգնությամբ կատարված նկարները վերլուծող ընկերությունները։ Ի տարբերություն նրանց՝ մեր համակարգը աշխատում է անկախ եղանակային պայմաններից եւ կատարում է անընդհատ վերահսկում»։
Խոսելով Armenia Startup Academy-ից ստացած փորձի մասին` ForestBerg-ում նշել են, որ ստացած խորհուրդները կօգնեն իրենց խուսափել ավելորդ խնդիրների առաջացումից, որոնց հաճախ բախվում են անփորձ ստարտափները։
4 հոգուց կազմված թիմն առաջիկայում նախատեսում է համալրել իր շարքերը: Առաջիկա մեկ տարում նախատեսվում է համակարգը տեղադրել Հայաստանի անտառներում, այնուհետ դուրս գալ նոր շուկաներ:
Armenia Startup Academy-ն Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։
Այն իրականացվում է Եվրոպական Միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միություն EU4Business եւ EU4Innovation նախաձեռնությունների մաս է:
Նարինե Դանեղյան