16:46 | 12.06.18 | Նորություններ | 4729

Հայտնի են «Տեխնովացիա Հայաստան 2018»-ի հաղթողները

Հայտնի են Կրթության ազգային ինստիտուտի եւ «Կանայք եւ տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի կազմակերպած «Տեխնովացիա Հայաստան 2018» մրցույթի հաղթողները:

Մրցույթին գրանցվել էր 398 աշակերտուհի, 94 մենթոր: Արդյունքում ձեւավորվել է 90 թիմ, որից 49-ը հայաստանյան կիսաեզրափակչում ժյուրիի դատին հանձնեց իր ստեղծած մոբայլ հավելվածները:

Հաղթող է ճանաչվել 4 ավագ եւ 3 կրտսեր թիմ՝ ստանալով միջազգային փուլին մասնակցելու ուղեգիր: Միջազգային առցանց գնահատման փուլը կտեւի մինչեւ հունիսի 17-ը:

Հաղթող թիմերը ներկայացրել էին հավելվածներ, որոնք վերաբերում էին համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, տրանսպորտային խնդիրների լուծմանը, դպրոցականների շրջանում անգլերենի ուսուցմանը, երիտասարդների ժամանակավոր աշխատանքով ապահովմանը եւ այլն:

Տեխնովացիան տեխնոլոգիական ձեռներեցության միջազգային մրցույթ է 10-18 տարեկան աղջիկների համար: Ծրագրի նպատակն է ոգեւորել եւ հզորացնել երիտասարդ աղջիկներին՝ դառնալու նորարարներ եւ առաջնորդներ իրենց համայնքներում:

«Տեխնովացիա Հայաստան 2018»-ը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, ՀԲԸՄ ՔՀ Կամուրջ ծրագրի համագործակցությամբ: Մրցույթին աջակցում եւ հովանավորում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Սինոփսիս Արմենիա ընկերությունը, Յունիքոմփ, Զիգզագ ընկերությունները եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը:

2017թ. առաջին անգամ մասնակցելով ծրագրին՝ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի հանրակրթական դպրոցի «Մեկ քայլ առաջ» աղջիկների թիմն իր «Հայկական ժեստերի լեզու» հավելվածով «կրթություն» անվանակարգում արժանացավ միջազգային գլխավոր մրցանակին եւ հրավիրվեց Սիլիկոնյան հովիտ: